«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակում է մամուլի ազատության ինդեքսը, ըստ որի՝ Վրաստանում իրավիճակը վատթարացել է 26 հորիզոնականով։ Անցյալ տարի՝ 2023 թվականին, Վրաստանը այս ինդեքսում զբաղեցրել է 77-րդ տեղը, իսկ 2024 թվականին տեղափոխվել է 103-րդ հորիզոնական։
Նշված զեկույցում ներառված են միայն 2023 թվականի իրադարձությունները, հետևաբար՝ «գործակալների մասին» օրենքի խորհրդարան վերադարձնելու ազդեցությունը և ընթացող գործընթացները կարտացոլվեն 2025 թվականի զեկույցում։
RSF-ի զեկույցի համաձայն՝ անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցների միջավայրը մնում է թշնամական, իսկ լրագրողների դեմ բանավոր և ֆիզիկական հարձակումների թիվը գնալով ավելանում է։ Վրաստանի կառավարության միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը։
«Փորձեր են արվում ընդունել օրենք, որն ուղղված է անկախ լրատվամիջոցներին մարգինալացնելուն և խոսքի ազատության տարածքը նեղացնելուն…»,- գրել է RSF-ն։
Կազմակերպությունը ընդգծում է բազմազան, բայց բևեռացված մեդիա միջավայրը և նշում, որ լրատվամիջոցների սեփականատերերը վերահսկում են խմբագրական քաղաքականությունը: Դրա օրինակն է «Ռուսթավի 2»-ի դեպքը, որի խմբագրական քաղաքականությունը սեփականատերերի փոփոխությունից հետո արմատապես փոխվել է։
Զեկույցում նշվում է նաև, որ կառավարությունը հաճախ հրաժարվում է պատասխանել իրենց հասցեին քննադատող լրատվամիջոցների հարցերին և երբեմն գրաքննության, զրպարտության և ահաբեկման արշավներ է իրականացնում նրանց դեմ: Նաև նշվում է, որ կառավարությունը դեռ չի կատարել մամուլի ազատության վերաբերյալ ԵՄ-ի հանձնարարականը, որն անհրաժեշտ քայլ է անդամակցության բանակցությունների մեկնարկից առաջ: Խոսվում է նաև գովազդային շուկայում առկա խնդիրների և անկախ լրատվամիջոցների ֆինանսական դժվարությունների մասին։