Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանն անցնում է խորհրդարանական ընտրությունների ամբողջական համամասնական համակարգին, երկրում նախաձեռնվում են ընտրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ փորձում են ապահովել խորհրդարանի կապը շրջանների բնակչության հետ։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի պարզաբանմամբ՝ հնարավոր է, որ կուսակցությունները որպես պատվիրակներ ընդգրկեն կուսակցական ցուցակներում պատգամավորության թեկնածուներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ընտրողներին առաջարկել, թե ովքեր կարող են կուսակցության ներսում հանդես գալ իրենց անունից։
Ինչպես նշել է Պապուաշվիլին բյուրոյի նիստում, Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների քննարկումը չի կայանա արագացված կարգով, և բոլորը կկարողանան մասնակցել գործընթացին։
«ՄԱԿ-ի զարգացման գործակալության օգնությամբ մեծամասնական ընտրակարգի չեղարկումից հետո ուսումնասիրություն է իրականացվել, թե ինչպես կարող է խորհրդարանը շփվել շրջանի բնակչության հետ, և ինչ փորձ կա այլ երկրներում այս առումով։ Ցավոք սրտի, փորձը մեծ չէ՝ կա՛մ մեծամասնական ընտրակարգ կա, կա՛մ չկա։
Ուսումնասիրության շրջանակներում քննարկվել է, որ կուսակցությունները պետք է ինչ-որ չափով պատասխանատվություն ստանձնեն և հնարավորություն տան բնակչությանն ու ընտրողներին իրենց ներկայացուցիչներին տեսնել կուսակցության ցուցակում։ Սա ճիշտ և պարզ միջոց է կուսակցությունների համար՝ առաջարկելու ընտրողներին, ովքեր կարող են հանդես գալ իրենց անունից այս կուսակցությունների ներսում»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին:
Ընտրական ցուցակներ կազմելիս կուսակցություններին կարող է տրվել պատգամավորի այս կամ այն թեկնածուին որպես մեկ կամ մի քանի մունիցիպալիտետների պատվիրակ նշանակելու իրավունք։
Նման նախաձեռնություն է պատրաստել և Վրաստանի խորհրդարան ներկայացրել «Վրացական երազանք» կուսակցությունը։
Նույն նախագծով կվերացվի քաղաքային խորհուրդի (Սակրեբուլո) մեծամասնական թեկնածուների համար սահմանված 40% ընտրական շեմը, իսկ առավելագույն թվով ձայներ ստացած թեկնածուն Սակրեբուլոյում մեծամասնական ընտրակարգի հիման վրա կհամարվի ընտրված։ Ըստ այդմ, եթե նախագիծն ընդունվի, Սակրեբուլոյի ընտրությունների երկրորդ փուլ չի անցկացվի։