Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ՝ ընդդեմ ԼԳԲՏ քարոզչության, որոնք հստակորեն կսահմանեն «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության երաշխիքներ»։
Վրաստանի Սահմանադրության 30-րդ հոդվածը պետք է լրացվի հետևյալ պարբերությամբ. «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանությունն ապահովվում է Վրաստանի սահմանադրական օրենքով, որը Վրաստանի Սահմանադրության անբաժանելի մասն է», – ասել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն:
Փոփոխությունը հաստատելու համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, որը չունի խորհրդարանական մեծամասնությունը։ Ուստի, ըստ Մդինարաձեի, փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում «Վրացական երազանք»-ն ակնկալում է բացարձակ առավելություն ստանալ։
«Վրացական երազանք»-ն այս փուլում կարող է ընդունել միայն օրենքներում փոփոխություններ, որոնց համար բավարար է պարզ մեծամասնություն՝ 76 ձայն։ Մդինարաձեի խոսքով, եթե ընդդիմությունն այժմ չաջակցի սահմանադրական փոփոխություններին, դրանք կարտացոլվեն տարբեր օրենքներում։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծն այս փուլում բաղկացած է 8 կետից, թեև ԼԳԲՏ եզրույթը դրանցում չի գործածվում։
Կարող են կարգավորվել միայն ամուսնությանը համանման հարաբերությունները, որոնք նախատեսում են 18 տարին լրացած մեկ գենետիկ տղամարդու և մեկ գենետիկ կնոջ միությունը։
Անչափահասի որդեգրումը կամ խնամակալությունը թույլատրվում է միայն այն ամուսինների կամ հետերոսեքսուալ անձանց, ովքեր ամուսնացած են Վրաստանի օրենսդրության համաձայն:
Արգելվում է ցանկացած բժշկական միջամտություն՝ կապված անձի սեռափոխության հետ։
Պետական փաստաթղթերում նշվում է միայն գենետիկ տվյալներին համապատասխանող իգական կամ արական սեռը։
Պետական մարմնի կամ մասնավոր անձի ցանկացած որոշում, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանափակում է սեռով սահմանված հասկացությունների օգտագործումը, անվավեր է։
Արգելվում են հանդիպումները՝ ուղղված միասեռական ընտանեկան կամ ինտիմ հարաբերությունների խթանմանը, ինցեստին, անչափահասի որդեգրմանը կամ խնամակալությունը միասեռ զույգի կամ ոչ հետերոսեքսուալ բնույթի անձի կողմից, կամ սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությանը:
Արգելվում է ստեղծագործության, ծրագրի կամ այլ նյութի տարածումը, որն ուղղված է միասեռականների ընտանեկան կամ ինտիմ հարաբերություններին, ինցեստին, միասեռ զույգի կողմից անչափահասի որդեգրմանը կամ խնամակալությանը, սեռի փոփոխությանը կամ գենդերային հասկացությունների չօգտագործմանը:
Արգելվում է տեղեկատվություն տրամադրել պետական կամ մասնավոր ուսումնական հաստատության ուսումնական գործընթացում, որն միտված է միասեռականների ընտանեկան կամ ինտիմ հարաբերությունների խթանմանը, սեռի փոփոխությանը կամ գենդերային տերմինների չօգտագործմանը: