Անկախ նրանից, թե ինչպիսին է եղել մարդու ֆինանսական վիճակը իր երիտասարդության տարիներին, ծերության տարիներին նրա սոցիալ-տնտեսական վիճակը զգալիորեն նվազում է։ Սա հաճախ ուղեկցվում է ընտանիքի անդամների անտեսմամբ, միայնակությամբ, բնակարանի կորստով և նույնիսկ ընտանեկան բռնությամբ:

Այս մասին ասվում է Վրաստանի հանրային պաշտպանի եզրակացության մեջ, որը հիմնված է Բոլնիսիում, Քարելիում, Գորիում և Թբիլիսիում գտնվող տարեցների երկարատև խնամքի հաստատություններում 2023 թվականին անցկացված մոնիթորինգի արդյունքների վրա։ Դիտարկման պահին այդ հաստատություններում ընդհանուր առմամբ բնակվել է 56 տարեց:

Զեկույցի համաձայն՝ որոշ տարեցներ կարող են իրենց կամքին հակառակ գտնվել հատուկ հաստատություններում (ծերանոցներում):

Բացի այդ․

Հանրային պաշտպանն արձանագրել է դեպքեր, երբ հաստատություն ընդունելության թերթիկը ստորագրել է ոչ թե տարեցը, այլ նրա ընտանիքի անդամը։

Այդ հաստատություններից մի քանիսը լավ բարեկարգված և հարմարեցված չեն: Շահառուները գտնվում են ծանր, հակասանիտարական և նվաստացուցիչ պայմաններում։

Նրանց խնամքը հիմնականում սահմանափակվում է հիգիենիկ և ֆիզիոլոգիական կարիքների բավարարմամբ, մինչդեռ խնամքի որակը չի համապատասխանում նվազագույն պահանջներին։

Հաստատությունն անտեսում է տարեցների խնամքը։

Հաստատությունները խախտել են սննդի ստանդարտները։ Ճաշացանկի կազմը սուղ է և անորակ, սնունդը՝ միապաղաղ, սննդակարգի էներգետիկ արժեքի հավասարակշռությունը չի պահպանվում։

Շահառուների մեծամասնությունը տեղեկացված չէ իր իրավունքների մասին։

Ծառայությունները հաշվի չեն առնում տարեցների հուզական խոցելիությունը, և հոգեկան առողջությանը բավարար ուշադրություն չի դարձվում: Բացի այդ, մեծ է հոգեբուժական խնդիրներ ունեցող շահառուների հաճախականությունը։

Հանրային պաշտպանը նախանշել է նաև նման հիմնարկներում աշխատող անձնակազմի հետ կապված խնդիրները։

Պարզվել է, որ մի կողմից խախտվում են նրանց աշխատանքային իրավունքները, մյուս կողմից՝ տարեցների խնամքի վերաբերյալ հատուկ գիտելիքների չեն տիրապետում։ Բացի այդ, նրանք մասնագիտական զարգացման հնարավորություններ չունեն։

Վրաստանն այն երկրների ցանկում է, որտեղ բնակչությունը շատ ավելի արագ է ծերանում։ Ըստ Հանրային պաշտպանի՝ 65 և բարձր տարիքի բնակչությունը հանրապետության միակ տարիքային խումբն է, որի թիվն ավելանում է։

Վրաստանում տարեցները բնակչության հատկապես խոցելի խումբ են։ Տարեցների շրջանում սոցիալապես խոցելի և աղքատության շեմից ցածր մակարդակի հաճախականությունը բարձր է:

65 և ավելի տարեկան բնակչության 84%-ի կենսաթոշակն իր եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ ամեն հինգերորդը հաշմանդամություն ունի։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ Վրաստանի տարեց բնակչության 52%-ն իրեն էմոցիոնալ առումով քիչ թե շատ միայնակ է համարում։ Հետազոտության համաձայն՝ տարեց մարդիկ ավելի հաճախ են զգում էմոցիոնալ միայնություն (28%), քան սոցիալական միայնություն (16%): Դրան նպաստում է Վրաստանում տարեցների համար ծերանոցների, ակումբների և սոցիալական տարածքների բացակայությունը, որտեղ տարեցները հնարավորություն կունենան անցկացնել իրենց ժամանակը հետաքրքիր ձևով։

Հանրային պաշտպանի գրասենյակը նշում է, որ այս իրավիճակի պատճառներից մեկն էլ տարեցների հարցերում պետական հետևողական և ակտիվ քաղաքականության բացակայությունն է՝ տարեցների նկատմամբ ուշադրությունը հիմնականում սահմանափակվում է տարիքային թոշակով։

Մոնիթորինգի շրջանակներում հանրային պաշտպանը ուսումնասիրել է տարեցների շուրջօրյա խնամքի 4 հաստատություն՝ Բոլնիսի բարեգործների տունը, Քարելիում գտնվող «Սալբունի» հասարակական կազմակերպությունը, Գորիում գտնվող «Շենի Թբիլի Կերա» մասնավոր հիմնարկը և Թբիլիսիում գտնվող «Թբիլիս Կերա» մասնավոր հաստատությունը: