Այսօր՝ հունվարի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում  հադիսավորությամբ կատարվել է խաչի օրհնության կարգ։ Օրհնության կարգը կատարել է Արագվայի հովվության հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թադեոս քհն․ Տեր-Մկրտչյանը։

1

Խանդո գյուղի “Շահումյան” կոչվող մուտքի մոտ դեռ 2020 թվականին հայկական ծաղկած խաչ էր տեղադրվել, գյուղում բնակվող և ռուսաստանաբնակ երիտասարդների նախաձեռնությամբ, իրենց իսկ ձեռքերով պատրաստված։ Խաչի բարձրությունը 7-9 մետր է։ Իսկ այս տարի նրանք որոշել են խաչի օրհնության կարգ անցկացնել։

5

6

Խաչի շուրջբոլորն էին հավաքվել գյուղացիները, մեծեր և փոքրեր։ Բոլորը սպասում էին արարողությանը։ Խաչի օրհնության կարգի արարողությունն սկսվեց գյուղի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանի ողջույնի խոսքով։

7

Այնուհետև Արագվայի հովվության հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Թադեոս քհն Տեր-Մկրտչյանը և Աշոտ Սահարյանը կտրեցին կարմիր ժապավենը։ Տեր հայրը նույնպես հանդես եկավ խոսքով, այնուհետև կատարեց օրհնության կարգը։

2

Մեզ հետ զրույցում Սահարյանը նշեց, որ երիտասարդների որոշմամբ, հենց այս օրն է ընտրվել։

«Խաչը տեղադրվել է 2020 թվականին, իսկ օրհնման և բացման արարողությունն այսօր է կատարվում։ Հիմնական նախաձեռնությունը երիտասարդներինն է եղել, ֆինանսական աջակցությունը նույնպես, եղել են նաև բարերարներ։ Խաչի տեղադրման վայրն ընտրվել է այստեղ, քանի որ տեղանքը հարմար է ու բարձր, տեսանելի է գյուղի մեծ մասի համար»։

Խաչի օրհնության կարգին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը և այլոք։

9

Խոսքով հանդես եկավ նաև Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։

«Խաչը խորհուրդ ունի իր մեջ, սա քրիստոնեության տարածման սիմվոլներից մեկն է, որը տարիների ընթացքում կրում են հայ և վրացի, երկու բարեկամ, քրիստոնյա ժողովուրդները։ Սրտանց շնորհավորում եմ Խանդոցիներին շրջանի ղեկավարության անունից»,-իր խոսքում ասաց Մովսիսյանը։

11

8

Խաչի օրհնության կարգի ավարտին պարային տարբեր համարներով հանդես եկավ Խանդոյի պարի համույթը։ Իսկ երեկոյան տեղի կունենա մատաղի արարողություն և ճաշկերույթ։

4

10