Ախալքալաքում, Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզի թեմին կից, գործում է «Ժամանակի բանալին» անիմացիոն ստուդիան։ Այստեղ երեխաները սովորում են անիմացիա և ստեղծում իրենց սեփական մուլտֆիլմերը:
Սև սենյակ, սեղանների մոտ երեխաները նկարում են մեկ ամբողջության առանձին մասերը: Յուրաքանչյուր փոքրիկ սեղանի շուրջ 7 երեխա եռանդով աշխատում են, ոմանք քթի տակ երգում են երգ, մյուսները քննարկում են գույնն ու ֆակտուրան, ևս երկու տղա արդեն տիեզերքի մասին մուլտֆիլմի նկարահանման գործընթացում են: Սև վարագույրն իջեցվել է, վառվում են լամպերը, իսկ մի քիչ այն կողմ՝ գույնզգույն ներկերով և այլ նյութերով դարակներ, որոնցով երեխաները պատրաստում են իրենց հերոսներին։ Կողքից այս ամբողջ պատկերը կախարդական է թվում:
Մետրոպոլիտ Նիկոլոզի նախաձեռնությամբ Ախալքալաքում «Ժամանակի բանալին» անիմացիոն ստուդիան բացվել է 3-4 ամիս առաջ։ Ամեն ինչ սկսվեց ռուս անիմացիոն ռեժիսորի այցելությամբ:
«Ամռանն Ախալքալաք էր եկել հայտնի մուլտռեժիսոր Սերգեյ Սերյոգինը: Ցավոք, նա մահացել է, երբ վերադարձել է հետ: Նա աշխատել էր երեխաների հետ և ցույց տվել մուլտֆիլմերի էսքիզներ, երեխաները քանդակել էին այդ էսքիզները: Երեխաներն այդժամ հետաքրքրություն ցուցաբերեցին անիմացիայի նկատմամբ: Սրբազանի օրհնությամբ մենք գնացինք, ես և Էսֆիր մայրիկը, մի շաբաթ այնտեղ էինք, մի փոքր սովորեցինք, տարրական բաների տիրապետեցինք: Վերադարձանք, արվեստանոց կառուցեցինք և սկսեցինք աշխատել երեխաների հետ»,- պատմում է Մարիամ մայրիկը:
Գույնզգույն մատիտները, ֆլոմաստերները, ներկերն ու թղթի կտորներն ավելի վառ են թվում սենյակի սև ֆոնի վրա։
Այս պահին ստուդիայում սովորում են մի քանի երեխաներ, սակայն, ըստ Մարիամ մայրիկի, ստուդիայի դռները բաց են բոլոր երեխաների համար, ովքեր ցանկանում են սովորել անիմացիա, թեև նա ավելացնում է, որ սենյակը շատ փոքր է, և սարքավորումները չեն բավարարում: Մենք պետք է համատեղենք տարբեր ստուդիայի գործունեությունը մեկ սենյակում:
«Դուք կզարմանաք, թե ինչ մուլտֆիլմեր են պատրաստում մեր երեխաները: Այս տարածքը նախատեսված է այլ բանի համար: Այստեղ պետք է մութ լինի, որպեսզի լյումինեսցենտ նկարները փայլեն: Բայց քանի որ մենք դեռ հնարավորություն չունենք մեծ սենյակի համար, մենք երեխաներին դասավանդում ենք առայժմ այստեղ: Մոտակայքում ունենք մեծ սենյակ, ուզում ենք այնտեղ ստուդիա հիմնել: Եթե դա անենք, այնտեղ կնկարենք և այստեղ՝ նկարահանենք: Մինչ այժմ մենք տեղական իշխանություններին չենք դիմել, դեռ գլուխ ենք հանում մեր ուժերով»,- ասում է Մարիամ մայրիկը։
Օրերս Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի թեմում տեղի կունենա «Ժամանակի բանալին» անիմացիոն կենտրոնի աշխատանքների շնորհանդեսը։