Այսօր կայացավ Ջավախքում Վերականգնողական կենտրոն հաճախող սահմանափակ հնարավորություններով երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին ամանորյա տարբեր զարդարանքներ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող Վերականգնողական կենտրոնն արդեն 6 տարի է ինչ գործնեություն է ծավալում: Այստեղ են հաճախում Ախալքալաքի և հարակից գյուղերի առողջական և մտավոր տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ: Մասնագետները շաբաթական երեք օր երեխաների համար հատուկ դասեր են անցկացնում: Այսօրվա դրությամբ կենտրոն է հաճախում 6-ից մինչև 23 տարեկան սահմանափակ կարողություններով 10 երեխա:
Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին թաղիքից պատրաստած տարբեր առարկաներ՝ էջանիշեր, մոմակալներ, ծաղիկներ, կավից պատրաստված ամաններ, ամանորյա այլ զարդարանքներ՝ պատրաստված տարբեր նյութերից:
Սահմանափակ հնարավորություններով երեխաներին շնորհավորելու էր եկել Ձմեռ պապը, որն իր գեղեցիկ նվերներով մեծ ուրախություն է պարգևեց կենտրոնի սաներին, վերջիններս էլ իրենց հերթին Ձմեռ պապին մեծ ուրախությամբ ընդունեցին: Ցուցասրահում ուրախ տրամադրություն էր տիրում, մինչ այցելուները զարմանում էին երեխաների ձեռքի աշխատանքներով, վերջիններս Ձմեռ պապի հետ երգում ու պարում էին:
Ավելացնենք, որ ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվում է Վերականգնողական կենտրոն հաճախող երեխաներին:
Աղունիկ Այվազյան