Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքում տեղի ունեցավ հանդուրժողականության ամսվան նվիրված միջոցառում «Բազմազանությունը մեր հարստությունն է» խորագրով: Ներկայացվեց նաև տարբեր ազգերի մշակույթներ, այդ թվում՝ հայկականը:
Միջոցառմանը ներկա էին ԹՊՀ-ի ռեկտորի տեղակալ Նինո Գվենետաձեն, Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան կապերի կենտրոնի ղեկավար Շալվա Տաբատաձեն, համալսարանի դասախոսական անձնակազմը, ուսանողներ և այլք: Ներկաները տեղում հնարավորություն ունեին ծանոթանալու ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական մշակույթին։ Բանախոսներն իրենց խոսքում նշեցին՝ Վրաստանի բազմազանության, դրա դերի և կարևորության մասին, ընդգծեցին նաև տարբեր ազգերի՝ միմյանց մշակույթների հանդեպ հարգանքի և հանդուրժողականության մասին:
Հայկական մշակույթը ներկայացվեց «Վիրայահերի միության» ղեկավար Մարի Առաքելովայի կողմից։ Նա իր ելույթի խոսքում կարևորեց տարբեր ազգերի ամուր հարաբերությունները, որոնք, ըստ նրա՝ պետք է հիմնված լինեն սիրո և համերաշխության վրա:
Ներկաներին հայկական մշակույթի մասին տեղեկություն փոխանցող սեղանը լի էր հայկական դետալներով, այնտեղ հնարավոր էր գտնել հայկական ուտելիքներ, ինչպես նաև հրուշակեղեն, ներառված էր նաև աշխարհում հայտնի «Ջերմուկ» հանքային ջուրը, իրար կողքի շարված էին հայկական տարազներով տիկնիկներ, թեմատիկ գրքեր և տեղեկատվական թերթեր, մի խոսքով մեկ անկյունում ամփոփված էր հայ ազգի մշակույթն ու պատմություն։
Բացի այդ՝ ցուցադրվեց ֆիլմ «Մեր Փարաջանովը» վերնագրով, որտեղ նկարագրված էր հայտնի կինոռեժիսորի կյանքի ուղին և նրա դերը երկու ազգերի հարաբերություններում։