9 ամսվա ընթացքում Վրաստանում բացահայտվել է ընտանեկան բռնության 5 920 դեպք։ Զոհերը եղել են 4 977 կին և 943 տղամարդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի ՆԳՆ կայքում։
Ըստ վիճակագրության՝ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտանիքում գրանցվել է ֆիզիկական բռնության 1 764, հոգեբանական՝ 6 029, տնտեսական՝ 76, սեռական բռնության՝ 26, հարկադրանքի՝ 64 և քամահրանքի 44 դեպք։
Ընտանիքում տղամարդկանց և կանանց նկատմամբ բռնության դեպքերն ամենաշատը հայտնաբերվել են 25-44 տարիքային խմբում։ Մասնավորապես, այս տարիքային խմբում ընտանեկան բռնության զոհ է դարձել 2 701 կին և 274 տղամարդ։ Միաժամանակ, տվյալները ցույց են տալիս, որ ընտանեկան բռնության զոհ է մինչև 13 տարեկան 83 աղջիկ և 82 տղա, իսկ 14-17 տարեկան տարիքային կատեգորիայում՝ 149 աղջիկ և 52 տղա։
Ըստ վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված բռնության դեպքերում բռնություն գործադրողներից 4 785-ը տղամարդիկ են եղել, իսկ 867-ը՝ կանայք։ Նշենք, որ կին և տղամարդ բռնացողների մեծամասնությունը պատկանում է 25-44 տարեկան տարիքային խմբին։ Այս տարիքային խմբում կան 2 893 տղամարդ և 405 կին բռնացողներ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում կիրառվել է 6 510 զսպիչ օրդեր։