Ամբողջ հանրապետությունում գրիպի դեմ սեզոնային պատվաստումները կսկսվեն հոկտեմբերի երկրորդ կեսից։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ իմունիզացիայի պետական ծրագրի շրջանակներում Վրաստանն արդեն գնել է 200 հազար դեղաչափ չորս բաղադրիչից բաղկացած Abbott Biologicals B.V պատվաստանյութ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած պատվաստանյութերից է։

Պետական ծրագրի շրջանակներում գրիպի վիրուսի դեմ պատվաստումն անվճար կտրամադրվի հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող ռիսկային խմբերի համար։

«Բարձր ռիսկային խմբերը 2023-2024 թվականների գրիպի սեզոնի համար սահմանվել են՝ շաքարային դիաբետով հիվանդները, դիալիզի վրա գտնվող անձինք, հեպատիտ C-ով տառապող մարդիկ (միայն նրանք, ովքեր բուժման մեջ են),ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձինք, օրգանների փոխպատվաստումներով և ցիստիկ ֆիբրոզով անձինք, 60 տարեկան և ավելի տարեցները, հղի կանայք, հանրակրթական հաստատությունների (դպրոցների) ուսուցիչները, մանկատների (ներառյալ փոքր ընտանեկան տիպի տների) և ծերանոցների շահառուները և նրանց սպասարկող անձնակազմը,պարտադիր պատվաստման ենթակա բուժանձնակազմը և այլք»,- նշում է Առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի երկրորդ կեսից պատվաստանյութը հասանելի կլինի իմունացման ծառայություններ մատուցող հաստատություններում, որոնց ցանկը կհրապարակվի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կայքում։