Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի բնակիչները դժգոհում են, որ պատկան մարմիններին բազմիցս բողոքներ և դիմումներ ներկայացնելուց հետո խմելու ջրի և գյուղի ճանապարհների խնդիրները չեն լուծվել: Քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ այս տարի ջրի խնդիրը կլուծվի, իսկ ճանապարհի հարցը կլուծվի ժամանակավորապես:
Գյուղում բնակվում է շուրջ 160 ընտանիք: Գյուղը չունի ոչ բնական գազ, ոչ նորմալ ճանապարհ, ոչ էլ ամենակարևորը՝ խմելու ջուր:
Ըստ գյուղացիների, իրենք բազմիցս բողոքել են, դժգոհություն հայտնել, խնդրել, բայց գյուղում ոչինչ չի փոխվել:
Արարատ Մշեցյանի խոսքով՝ ջրամատակարարման գիծը շատ հին է, խողովակները ժանգից խցանվել են, ուստի և ջուրը գյուղ չի հասնում: Ինչպես պնդում է նա, ջուրը ոչ միայն քչություն է անում, այլև՝ կեղտոտ է:
«Գյուղում շատ խնդիրներ կան, բայց այսօր ամենակարևորը խմելու ջուրն ու ճանապարհներն են: Չգիտեմ երբևէ կլուծվե՞ն այդ խնդիրները», – ասում է Սպարտակ Մովսեսյանը:
Վարչական շրջանում քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանի խոսքով, այս փուլում Սուլդա գյուղի ջրամատակարարման նախագիծն արդեն պատրաստ է: Ըստ նրա, այս նախագիծն իրականացնելուց հետո կենցաղային ջրի խնդիրը կլուծվի ոչ միայն Սուլդա գյուղում, այլ նաև Դադեշ, Բոզալի և Մյասնիկյան գյուղերում:
Ըստ նրա, նախագծի գումարը կազմում է շուրջ 1 800 000 լարի: Այնուամենայնիվ, քաղաքապետարանը պետք է վերանայի այս նախագիծը՝ հնարավորության դեպքում գումար խնայելու նպատակով:
Հենց Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը միջոցները փոխանցի՝ Սուլդա գյուղի ջրամատակարարման աշխատանքները կսկսվեն: Նախնական գնահատականներով՝ աշխատանքները կսկսվեն մոտավորապես ապրիլին:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, այս տարի Դադեշ գյուղում ճանապարհի ասֆալտապատումը նախատեսված չէ: Ճանապարհի հարցը կլուծվի ժամանակավորապես:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսագիտության և ենթակառուցվածքների վարչության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, այս տարի գյուղական ճանապարհների բարելավման համար հատկացվել է 70 000 լարի: Ըստ նրա՝ գյուղերի ճանապարհները կհավասարեցվեն, մանրախիճ կլցվի և կիրականացվի ուղեհարթում:
Բրատիսլավ Իգիթխանյան