Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից. այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանին իր ելույթում։

«[…] Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Որպես ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է ինքնիշխանության, ազգային իրավասության, իրավահավասարության և փոխադարձության հիման վրա տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնության իրագործմամբ։ Հայաստանը հանդիսանում է համալիր և արդար տրանսպորտային հաղորդակցության երկարատև ջատագովը՝ առևտրին, համագործակցությանը և մարդկանց միջև շփումներին նպաստելու նպատակով, մինչդեռ մեր հարևանները շարունակում են երեք տասնամյակ կիրառվող Հայաստանի շրջափակումը, որը իմ երկրի տնտեսական հարկադրանքի լավ կազմակերպված քաղաքականության մի մասն է։ Այսպես կոչված «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը»:

«[Ադրբեջանի] հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։ Սա անընդունելի է մեզ համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար»,- ասել է Միրզոյանը։

Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված օրհասական կացությունը և նշել, որ միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայելու համար՝ տեղում մարդու իրավունքների, մարդասիրական և անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով:

«ՄԱԿ-ի հաստատությունների և միջազգային այլ կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, հրամայական է: Այս առումով ընդգծում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ կողմերի ամբողջական և բարեխիղճ համագործակցության ապահովման անհրաժեշտությունը՝ ռազմական հարձակման հետևանքները հասցեագրելու համար՝ ներառյալ զոհվածների դիերի դուրսբերումը և նույնականացումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, անվտանգ և անարգել մարդասիրական օգնության տրամադրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստագույն պահպանմամբ»,- ասել է նա։

«Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն և կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայական է: Ավելին, պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի դեմ պատժիչ գործողությունների բացառումը։

Մենք նաև կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որպեսզի բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը, սադրանքներն ու էսկալացիան, և հնարավորություն ստեղծվի ՄԱԿ-ի կողմից մանդատ ստացած խաղաղապահ ուժերի համար պահպանել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ընդհանուր պատկերի միայն մի մասն է․ «Այս համատեքստում մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք աշխարհագրական առումով ընդլայնելու հստակ մտադրություն»։