Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը արտակարգ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ երկրում ծրագրվում է բռնի իշխանափոխություն։

«Մարդկանց որոշակի խումբ ծրագրում է ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ Վրաստանում այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին, վերջնական նպատակը բռնի իշխանափոխությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունում նշվում է նաև, որ այս ժամանակահատվածը պատահական չի ընտրվել, քանի որ այս պահին պետք է հրապարակվեն Եվրահանձնաժողովի միջանկյալ և վերջնական զեկույցները։

«Դավադիրների ակնկալիքները հաշվարկված են այնպես, որ եզրակացությունը բացասական կլինի»,- գրում է Պետական անվտանգության ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ «որոշ անձինք» իրենց տրամադրության տակ ունեն տեղեկատվական ցանցեր, որոնք սոցիալական անկարգություններ են նախապատրաստում՝ օգտագործելով Վրաստանի «ռուսամետ» կառավարության թեզը։

Պլանի պատրաստման հետ կապված անձանց թվում Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը նշել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գիորգի Լորթքիփանիձեին և Ուկրաինայում կռվող «Վրացական լեգեոն»-ի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին։

«Կազմակերպիչները դիտարկում են 2014 թվականի ուկրաինական Եվրամայդանին նման սցենարի հնարավորությունը»,- ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ ասվում է, որ պլանի հեղինակները պատրաստվում են պայթուցիկ սարքը գործի դնել պլանավորված բողոքի ցույցերից մեկի ժամանակ, որը պետք է հանգեցնի զոհերի և առաջացնի առճակատման բռնկում։

Պետական անվտանգության ծառայությունը գրում է նաև, որ ձեռնարկում է և կշարունակի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։

Աղբյուրը՝ Newsgeorgia