Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը սպառնացել է Վրաստանը ներառել իր անբարյացակամ երկրների ցանկում և տնտեսական լծակներ գործարկել, եթե երկիրը միանա Եվրամիությանը։ Նախարարության խոսնակ Մարիա Զախարովան համապատասխան հայտարարություն է արել այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ին միանալը կնշանակի ցանկացած երկրի համար «հարկադիր միացում» հակառուսական պատժամիջոցներին, որոնք Մոսկվան համարում է անօրինական։
«Ի՞նչ կնշանակի սա Վրաստանի համար կոնկրետ առումով։ Օրինակ՝ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունների դադարեցում և խիստ վիզային ռեժիմի ներդրում», — հայտարարել է Զախարովան։
«Ռուսաստանը ստիպված կլինի ներառել, ես չեմ ասում, որ մենք ուզում ենք դա անել, բայց, հաշվի առնելով ԵՄ նոր պահանջները, մենք պետք է Վրաստանը ներառենք անբարյացակամ ռեժիմներով երկրների ցանկում և մեր հակադարձ տնտեսական միջոցառումները տարածենք դրա վրա՝ բոլոր բխող հետևանքներով, հանքային ջրի, մրգերի, գինու, վրացական արտադրողների և մեր երկիր ներմուծվող ամեն ինչի համար», — ասել է նա։
Ընդհանուր առմամբ, ըստ Զախարովայի, ԵՄ-ն Վրաստանին ոչինչ չի բերում, բացի անհաջողությունից. «այն կիրառում է լիովին անհիմն պատժամիջոցներ, հրահրում է նոր հակառուսական ռազմական ավանտյուրաներ, գրեթե բացահայտորեն աջակցում է պետական հեղաշրջում կազմակերպելու փորձերին, վրաց ժողովրդին պարտադրում է օտար հակաարժեքներ» և «բառացիորեն ստիպում է նրանց հրաժարվել սեփական մշակույթից և ինքնությունից»։
«Մեր կողմից, մենք լիովին չենք հասկանում, թե ինչպես կարող է Թբիլիսին ձգտել միանալ այս միությանը… Ըստ էության, այն, ինչ Բրյուսելն անում է Վրաստանի հետ, նրան մղում է դեպի մի կողմ, որտեղ, ինչպես բոլորն արդեն գիտեն, գտնվում է զառիթափը: Ի՞նչ պետք է էլի անի Բրյուսելը, որպեսզի իր իրական դրդապատճառները, իր իրական մտադրությունները Թբիլիսիի նկատմամբ պարզ դարձնի», — հայտարարել է Զախարովան։
Չնայած Բրյուսելի հետ լարված հարաբերություններին և մինչև 2028 թվականը բանակցությունների հայտարարված կասեցմանը, Վրաստանի կառավարությունը հայտարարել է մինչև 2030 թվականը ԵՄ-ին միանալու իր նպատակի մասին: Երկրի հանձնառությունը եվրոպական ինտեգրմանն արտացոլվում է նրա սահմանադրության մեջ։
Անցյալ տարվա նոյեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը փաստացի կասեցվել է՝ «ժողովրդավարական սկզբունքների շարունակական նահանջի լույսի ներքո»։ Բրյուսելն այժմ երկիրը համարում է թեկնածու միայն անվանապես։



