Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն Առաջին հանրային հեռուստաալիքի դիմաց կազմակերպել էր պիկետ, ի բողոք Արցախի (Լեռնային Ղարաբաղ) շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին ոչ բավարար լուսաբանմանը և լրագրողների լռությանը:
Պիկետի մասնակիցներն իրենց հետ կրում էին հետևյալ գրություններով ցուցանակներ.
«Լրագրողը պարտավոր է չթաքցնել այն տեղեկությունը, որի իմաստն ու բովանդակությունն ընդհանուր հանրային հետաքրքրության առարկա է», «Լրագրողական գործունեության անկախության և անաչառության սկզբունքը լրագրողին բացառում է ցանկացած տեսակի նվեր ստանալուց, որը կարող է ոտնահարել նրա մասնագիտական ազատությունը»:
Բացի այդ նրանք պարզել էին պաստառներ, որոնք նկարագրում էին Արցախի շրջափակումը և հումանիտար ճգնաժամը:
Պիկետի մասնակիցները նաեւ ծրագրում են իրականացնել 24 ժամյա նստացույց, իսկ վաղը՝ սեպտեմբերի 18-ին, նստացույցից հետո «Իմեդի» և «Մթավարի» հեռուստաալիքների մոտ նույնպես պիկետ է անցկացվելու։
Տեղեկության համար նշենք նաև, որ այսօր Վրաստանում Ադրբեջանի դեսպանության ֆեյբուքյան պաշտոնական էջը տարածել էր գրառում հետևյալ գրությամբ՝ «Տիկին Ռամիլա Ալիևա, Դուք մենակ չեք։ Մենք ձեզ հետ ենք։ Մենք աջակցում ենք ձեզ»։ Արթուր Միրզոյանի խոսքով, սա եւս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ Ռամիլա Ալիևան աշխատում է ոչ անաչառ, և հանուն Ադրբեջանի շահերի:
Նշենք, որ Ռամիլա Ալիեւան Վրաստանի Հանրային հեռուստաալիքի հայալեզու և ադրբեջանալեզու բաժինների ղեկավարն է։