Այսօր՝ մարտի 9-ին, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակիչները եկել էին քաղաքապետարան բողոքելու: Գյուղացիները պահանջում էին, որ տեղական իշխանություններն ուշադրություն դարձնեն իրենց գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ախալքալաքի տեղական իշխանությունների ներկայացուցիչներն ասացին, որ իրենք աշխատում են այս ուղղությամբ, բայց կոնկրետ ժամկետներ չեն կարող նշել:
Կարծախ գյուղի ավելի քան 50 բնակիչներ հանդիպեցին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի և մունիցիպալ այլ աշխատակիցների հետ:
Կարծախցիները պահանջում են, որ իշխանությունները լուծեն իրենց գյուղի խնդիրները, մասնավորապես խմելու ջրի, որն արդեն մի քանի տարի է՝ գյուղի ամենագլխավոր խնդիրներից մեկն է:
Ըստ բնակիչների՝ խմելու ջրի պակասի պատճառով նրանք ջրհորի ջուր են խմում, իսկ նրանք, ովքեր հնարավորություն չունեն իրենց բակերում հոր հորատել, ամեն օր ջուրը կրում են գյուղի միակ աղբյուրից:
«Մենք ավանակների օգնությամբ ջուր ենք կրում, մենք էլ ենք ուզում, որ մեր տներում էլ ջուր հոսի»,- ասում է գյուղի բնակիչներից Աղաս Կալոյանը:
«Մենք շատ խնդիրներ ունենք, բայց գլխավորը ջրի խնդիրն է, մենք չենք կարող ջրհորի կեղտոտ ջուրը խմել», – հավելում է Աղաս Կալոյանը:
«Ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում ապրել առանց ջրի, մենք այլևս չենք կարող հանդուրժել սա», – ասում է նույն գյուղի մեկ այլ բնակիչ:
Գյուղացիների պահանջները լսելուց հետո, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց. «Մենք տեղյակ ենք խմելու ջրի խնդրի մասին, արդեն կազմվել է նախագիծը, մենք սպասում ենք պետության կողմից ֆինանսավորմանը, սակայն, առայժմ հստակ հայտնի չէ, թե երբ այն կլինի, միգուցե երկու օր հետո, միգուցե՝ 15 օր: Հենց որ գումարը լինի, մենք երկրորդ օրը կհայտարարենք մրցույթը»:
Կարծախ գյուղի ջրամատակարարման նախագծի նախահաշվարկային փաստաթղթերի կազմման համար մունիցիպալիտետը հատկացրել է 8 484 լարի:
Ըստ Կարծախի գյուղի լիազոր Գաբրիել Կարապետյանի, նոր ջրագիծը պետք է անցկացվի լեռներից, աղբյուրը գտնվում է գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա:
«Գյուղի ջրամատակարարման նախագիծն արդեն պատրաստ է, բայց տեղական բյուջեում միջոցներ չկան: Նախագիծն արժե մոտ 300 000 լարի», – ասում է նա:
Հանդիպման ընթացքում Ախալքալաքի քաղաքապետն ասաց, որ այս պահին բյուջեում այդքան գումար չկա, որպեսզի տեղական բյուջեից հատկացվի, բայց նա վստահեցրեց, որ խնդիրն անպայման կլուծվի: Նշելով՝ կարևորն այն է, որ նախագիծն արդեն կազմված է:
Բրատիսլավ Իգիթխանյան