Օգոստոսի 24-ին Վրաստանում նշում են Սահմանադրության օրը։ Օրվա առթիվ երկրի քաղաքացիներին շնորհավորել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես նշվում է վարչապետի հայտարարության մեջ, այս օրը միասնության պահ է, որը ևս մեկ անգամ հաստատում է պայծառ ապագա՝ միասնական, խաղաղ, ուժեղ, զարգացած Վրաստան կառուցելու ընդհանուր որոշումը։
«Օգոստոսի 24-ը մեր պետականության կարևորագույն օրն է: 1995 թ.-ի այս օրը անկախ Վրաստանի խորհրդարանն ընդունելով երկրի գերագույն օրենքը, մեր պատմության մեջ սկսեց նոր փուլ՝ քաղաքացիական միասնության, օրենքի գերակայության, ազատության, իդեալների վրա հիմնված պետության կառուցումը:
Վրաստանի Սահմանադրությունը՝ մեր պայմանագիրն է միմյանց և պետության հետ, հիմնված մեծ պատմության և մշակութային արժեքների վրա։ Միևնույն ժամանակ, այն ուրվագծում է նոր նպատակներ և անելիքներ ժամանակակից դարաշրջանում՝ երկրի և ժողովրդի առաջընթացի և զարգացման համար։
Այս օրը հանդիսանում է միասնության պահ, որը ևս մեկ անգամ վերահաստատում է մեր ընդհանուր որոշումը՝ կառուցելու պայծառ ապագա՝ միասնական, խաղաղ, ուժեղ, զարգացած Վրաստան»,- ասված է Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում։
1995 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի խորհրդարանը 159 կողմ և 8 դեմ ձայներով ընդունեց երկրի հիմնական օրենքը։
Այդ օրվանից հետո Վրաստանի Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել ավելի քան 30 անգամ։ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք պետության հիմնական օրենքում ավելի քան 20 փոփոխություն է կատարվել։