“Գիրչի`նոր քաղաքական կենտրոն” ընդդիմադիր կուսակցությունը դիմել է Վրաստանի վարչապետին և խորհրդարանի խոսնակին, պահանջելով թմրանյութերի վերաբերյալ քաղաքականության ազատականացում:
Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն հայտարարել է, որ ցանկացած տեսակի թմրամիջոցների օգտագործման համար պատիժը պետք է վերացվի, իսկ մարիխուանան և դրա օգտագործումը` օրինականացվի:
Կուսակցությունը նաև հայտարարել է, որ եթե աշնանային նստաշրջանի ընթացքում չլինեն օրենսդրական փոփոխություններ, իրենց պահանջների հետ կապված, «Գիրչին» դեկտեմբերի 31-ի գիշերը կհրավիրի 18 տարին անց բոլոր շահագրգիռ անձանց իրենց գրասենյակ, որտեղ նրանք ուղիղ եթերում կտնկեն մարիխուանա:
Նրանց առաջարկը, արդեն հաջողության է հասնում Վրաստանում: Facebook սոցիալական ցանցում կուսակցությունը սկսել է քարոզչությունը «273-բացարձակ զրո» անվան տակ, որի օգնությամբ, նրանք ուզում են պայքարել Վրաստանի քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (թմրանյութերի օգտագործում) դեմ: Իսկ այն անձինք, ովքեր կմիանան դեկտեմբերի 31-ին կուսակցության գործողություններին, կխախտեն Վրաստանի քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածը, որի համար կարող են ենթարկվել 6-12 տարի ազատազրկման:
Ավելի վաղ այս քայլի վերաբերյալ Ջափարիձեն հայտարարել է, որ իրենք խելագար չեն, և հասկանում են ծրագրված քայլի լրջությունը, սակայն «Ազատության հասնելու համար նրանք պատրաստ են դրան»:
Ցանկանում ենք հիշեցնել, որ սա կուսակցության առաջին պահանջը չէ: Արդեն որոշ ժամանակ է, կուսակցությունը պայքարում է թմրանյութերի օրինականացման համար:
Լուսինե Աստոյան