Ախալքալաքի Աղմաշենեբելի առաջին նրբանցքի թիվ 1 և 3 բազմահարկ շենքերի բնակիչները դժգոհում են, որ իրենց շենքերի տանիքները մի քանի տարի է անմխիթար վիճակում են։ Վերին հարկերի բնակիչները չեն կարողանում տները վերանորոգել, քանի որ նրանց կողմից ձեռնարկվող ժամանակավոր միջոցները՝ տանիքի ծածկույթի հատվածների շտկումն և փոխելը, երկար չեն տևում։ Եվ կրկին ստիպված են լինում դույլեր դնել տնով մեկ, որպեսզի անձրեւաջրերը չհեղեղեն բնակարանը։
Լարիսա Քուրդօղլյանի ընտանիքը մշտապես պայքարում է տանիքից եկող ջրահոսքի դեմ: Տանիքի շիֆերը վերանորոգել են, սակայն այս կերպ խնդիրն վերջնական չի լուծվում։
«Նման վթարային վիճակը վաղուց է՝ արդեն 5-6 տարի, տանիքից կաթում է, մի անգամ նամակ ենք գրել, չեն պատասխանել: Քաղաքում փոխում են շենքի տանիքները, թող սկզբից փոխեն որն առաջնահերթ է, անձրեւների ժամանակ սենյակներում կաթում է»,- ասում է Աղմաշենեբելի առաջին նրբանցքի թիվ 1 շենքի բնակիչ Լարիսա Քուրդօղլյանը։
Բնակիչները մի քանի տարի առաջ նամակ էին գրել տեղական իշխանություններին՝ խնդրելով վերականգնել տանիքը, սակայն նրանց խոսքերով, պատասխան չեն ստացել: Հետո մի քանի տարի լուռ ու իրար մեջ դժգոհելով, դիմացել են, ու անձրևների ժամանակ ուշադիր ստուգել ներհոսքի նոր տեղերը, թե որտեղ դեռ դույլեր չեն դրված։
Հինգերորդ հարկում է բնակվում նաեւ թիվ 3 շենքի բնակիչ Քնարիկ Հակոբյանը, ով դժգոհում է, որ խոնավությունից տունը փչանում է:
«Մի անգամ մեր միջոցներով վերանորոգել ենք, բայց դա էլ է արդեն փչացել: Խոնավությունից պատերը բորբոսով են պատել»,- ասում է Քնարիկ Հակոբյանը։
Այժմ, երբ հարևան շենքի տանիքը վերանորոգում են, բնակիչների մոտ հույս է առաջացել: Նրանք կրկին դիմել են քաղաքապետարան, շենքի տանիքը վերականգնելու խնդրանքով, եւ հույս ունեն, որ այս անգամ իրենց խնդրանքն անպատասխան ու անտեսված չի մնա, եւ տանիքը կվերանորոգվի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենք այսօր են նամակը ստացել, դեռ չեն հասցրել քննարկել, և քննարկումից հետո կպատասխանեն բնակիչներին:
«Դրա համար բյուջեում միջոցներ չի հատկացված, այս պահին նույնպես դրա համար գումար չկա, եթե հետագայում բյուջեում միջոցներ լինեն, մնացորդ լինի, այս խնդրանքը նկատի կունենանք: Մենք արդեն ընթացք ենք տվել քաղաքի բոլոր շենքերի տանիքների վերանորոգմանը»,- ասաց Մնացական Փամբուխչյանը։