Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ահաբեկչական հանցագործության վերաբերյալ ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացու։
Ըստ ՊԱԾ-ի՝ Պետանվտանգության ծառայությունը Վրաստանի երկու շրջանների միաժամանակ չորս տեղամասերում հատուկ գործողություն է իրականացրել։
«Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներով դրոշներ և տարբեր տեսակի էլեկտրոնային տեղեկատվություն կրող սարքեր։ Բացի այդ, ձերբակալվածների բնակավայրերից առգրավվել է զինամթերք, պայթուցիկ սարքեր և նյութեր։
Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը հետաքննություն է վարում Քրեական օրենսգրքի 327-րդ և 236-րդ հոդվածներով։ Շարունակվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը կալանավորված անձանց մասնակցության բնույթը պարզելու, այնպես էլ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
«Վրաստանի պետանվտանգության ծառայությունը շնորհակալություն է հայտնում Գլխավոր դատախազությանը և ՆԳՆ-ին՝ այս գործում համագործակցության համար»,- հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից։