Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում բացվում են նոր ֆակուլտետներ: Այս տարի համալսարանն արդեն ստացել է Հայոց լեզվի և գրականության ուսուցչի վերապատրաստման հավատարմագիր, իսկ լրագրության մագիստրատուրայի ծրագիրը պատրաստ է հավատարմագրման դիմելու համար։
Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն ուրախությամբ է նշում, որ ԱՄՆ դեսպանության ներգրավվածությամբ արդեն պատրաստել են վրացալեզու և անգլալեզու լրագրության մագիստրատուրայի ծրագիր։
«Լրագրության մագիստրատուրայի ծրագիրը շատ շուտով կներկայացվի հավատարմագրման: Ես վստահ եմ, որ շատ ուսանողներ, բացի բակալավրից, կստանան բարձր չափանիշների, Ամերիկյան համալսարանների կողմից պատրաստված մագիստրատուրայի ծրագրով ուսանելու հնարավորություն, որը հասանելի կլինի ինչպես Ախալցիխեում, այնպես էլ Ախալքալաքում։ Ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչի վերապատրաստման ծրագրի հավատարմագիրն արդեն պատրաստ է», – ասում է Բերիձեն։
Վերջինս նաև նշում է, որ պատրաստվում է չորս առարկայի ուսուցչի վերապատրաստման նախագծեր՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության:
Հիմա Սամցխե-Ջավախեթիի համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում կա 3 ֆակուլտետ՝ բիզնեսի կառավարում, հումանիտար գիտությունների և իրավաբանական ֆակուլտետ։