Արևմտյան Վրաստանի Ճիաթուրա քաղաքում աշխատավարձի բարձրացում պահանջող հանքափորներից մեկը ի նշան բողոքի կարել է աչքերը, մյուսը փորձել է բացել երակները, – հայտնում է Formula TV-ն:
Ճիաթուրայում հանքափորների ակցիաները շարունակվում են արդեն երկու շաբաթ, մոտավոր տասը հոգի հացադուլ է հայտարարել։ Ցույցի մասնակիցները խոսում են անտանելի պայմանների մասին՝ պահանջում են աշխատավարձերի 40 տոկոս բարձրացում, աշխատանքային գրաֆիկի վերանայում և ապահովագրական նոր փաթեթներ։ Օրեր առաջ ցուցարարներից մեկը կարել էր բերանը:
«Դա անձնական որոշում էր… Սրանով ես ուզում եմ բոլորին ցույց տալ, որ երբ մենք միասին ենք, մենք ավելի ուժեղ ենք»,- հունիսի 18-ի երեկոյան աչքերը կարելուց առաջ ասաց ցուցարարը։
Այն, ինչ տեղի էր ունենում, ուղեկցվում էր «Դուրս արի, դուրս արի», «Ամո՛թ քեզ» բացականչություններով: Գործադուլավորները դիմել են Ճիատուրայի հանքերի շահագործող Georgian Manganese ընկերության ղեկավարությանը։
Ավելի ուշ հոլդինգը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ցուցարարներին վերսկսել աշխատանքը հին գրաֆիկով։ Առաջին փուլում Georgian Manganese-ը պատրաստ է 5%-ով բարձրացնել հանքարդյունաբերողների աշխատավարձերը։ Ընկերությունը նույնպես համաձայն է աուդիտի անցկացմանը:
Ցուցարարներն այս առաջարկները «ծաղր» են անվանել։ Նրանք խոստանում են շարունակել ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները լիովին չեն կատարվել: Հանքագործները «Georgian Manganese»-ի ղեկավարությանը ժամանակ են տվել մինչև երկուշաբթի՝ հունիսի 19-ի երեկո։ Հակառակ դեպքում խոստանում են հանրահավաքներ սկսել Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ։
Կողմերը չեն կարողանում փոխզիջման հասնել՝ չնայած պետական կառույցների միջամտությանը: Անցած շաբաթվա ընթացքում վրացական մանգանի հանքարդյունաբերողները և ղեկավարությունը մի քանի հանդիպումներ են անցկացրել Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքի տեսչական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Աղբյուրը՝ Newsgeorgia