Այսօր՝ մայիսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում լրացուցիչ միջոցներ են հատկացվել Արագվա գյուղի Ժամանցի կենտրոնի վերանորոգման համար։
Ախալքալաքի քաղաքապետարանը մունիցիպալիտետի սակրեբուլո է ուղարկել 2023 թվականի բյուջեում 944 560 լարիի փոփոխություններով փաթեթ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը, ի թիվս այլ հարցերի, պատգամավորներին է ներկայացրել նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղի հանրային կենտրոնի վերականգնման նախագիծը, որի համար բյուջեով նախատեսված է 35 000 լարի, իսկ նախագծային փաստաթղթերով վերականգնման համար անհրաժեշտ է 50 000 լարի։ Բյուջեի փոփոխություններով հատկացված ծախսերին ավելացվել է 15 հազար լարի։
«Շենքն արդեն կա, այնտեղ սեղանի թենիսի համար նախատեսված սեղան կա։ Երիտասարդներն օգտվում են այս շենքից։ Թեթև վերանորոգում կանենք, ինչպես արդեն ներկայացրեցի»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Արա Մովսիսյանը։
Հարցին, թե կենտրոնից կօգտվե՞ն գյուղի կանանց հատվածը, Մովսիսյանը հավելեց. «Ինչ-որ տեղ աղջիկների համար էլ ինչ-որ բան ունենք։ Դրանից օգտվում են միայն տղաները: Մի սենյակ կլինի թենիսի համար, մեկը՝ նարդու, մյուսը՝ խաղաքարտերի։ Դա երիտասարդների համար ժամանցի վայր է»,- ասաց նա։
Բյուջեի փոփոխությունից հետո փոխանցվող մնացորդը կազմում է 2 439 619,96 լարի։