Այսօր՝ մայիսի 27-ին, Մաշտոց-Դարբինյան խաչմերուկում շները հարձակվել են Ախալքալաքի բնակչուհի Հռիփսիմե Խաչատրյանի վրա, վայր գցել նրան ու կծել։ Կնոջը հաջողվել է փրկվել, նա դիմել է հիվանդանոց։
Ախալքալաքի բնակչուհուն հիվանդանոցում ներարկում են արել, նա շատ վախեցած է, բայց ընդհանուր առմամբ վերջինիս վիճակը նորմալ է։
«Իսկ եթե դա իմ երեխան լիներ, նրա սիրտը կարող էր վախից կանգ առնել: Ի՞նչ անենք մենք»,- ասում է նա:
Հարձակման զոհին հաջողվել է ազատվել 3 թափառող շներից՝ օգնության հասած Մաշտոցի փողոցի բնակիչների շնորհիվ։
Սա առաջին դեպքը չէ, երբ շները հարձակվում են նրա ընտանիքի անդամների վրա։ Շները հարձակվել էին նրա երեխայի վրա, որն շատ է վախեցել է, բայց նրան չեն կծել: Այդ ժամանակ նրանք դիմել էին քաղաքապետարան:
«Այսօր մենք զանգահարեցինք թեժ գծի համարով, մեզ ասացին դիմեք քաղաքապետարան: Մենք նախորդ անգամ էլ էինք դիմել ու արդյունք չենք տեսել»,- ասում է նա։
2023 թվականի գրեթե 5 ամիսների ընթացքում Ախալքալաքում գրանցվել է մարդկանց վրա կենդանիների հարձակման 55 դեպք, և հարձակվող կենդանիների մեծ մասը անօթևան շներն են։
Չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին՝ տեղական իշխանությունները չեն կարող լուծել տվյալ խնդիրը, քանի որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ անօթևան շներին կարելի է միայն բռնել, ստերիլիզացնել, չիպավորել և վերադարձնել իրենց բնակության վայր։
Վերջին 6 ամիսների ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետից միայն 61 շուն է բռնվել և տեղափոխել ապաստարան՝ ստերիլիզացման նպատակով։ Նախատեսվում է, որ մեկ տարվա ընթացքում 22 000 լարիով կստերիլիզացվի ընդամենը 140 շուն։