Հայաստանի նախագահի հրամանագրով՝ Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի դեսպան։ Տեղեկությունը տարածում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, համատեղության կարգով, նշանակել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,- նշված է հրամանագրում։
Ընդգծենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012 թվականից Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: