Երեկ աշխատանքային այցով Ախալքալքում էր գտնվում Սամցխե-Ջավախքի նահանգապետը, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ, տեղում ծանոթանալու «Նորոգված շրջաններ» նախագծի շրջանակներում կատաված աշխատանքներին: Ախալքալաքում նրանց ուղեկցում էին՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանը, խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և մունիցիպալ այլ աշխատակիցներ։

Ախալքալաքի քաղաքապետն ասում է, որ երեկվա շրջայցից հետո բացահայտված բոլոր խնդիրները պետք է վերացվեն։

«Եկել էին, ծանոթանում էին կատարված աշխատանքների հետ, ի՞նչ թերություններ կան, ի՞նչն է կիսատ։ Որակի հետ կապված, ասեմ՝ այն աշխատանքները, որոնք որ լավ չեն կատարված, նորից պետք է արվեն: Աշխատանքները հիմնականում մոտենում են ավարտին»:

Հարկ է նշել, որ մեր տեսախցիկի օբյեկտիվից դուրս չմնաց Ազատության փողոցի (շուկայի հարակից տարածքում գտնվող) բարձրահարկ շենքերի դիմային հատվածի երեսպատման անորակ իրականացված աշխատանքները՝ սալիկներն արդեն պոկվում են:

Քաղաքապետ Մելքոն Մակարյանը վստահեցնում է, որ վերոնշյալ հատվածը նույնպես կվերանորոգվի։

Նշենք, որ 2021 թվականի հուլիս ամսից սկսած Ախալքալաքում ընթանում են քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացնում է Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը «Նորոգված շրջաններ» նախագծի շրջանակներում: