Վրաստանի համար վիզային ռեժիմը չեղարկելու և դրանով օդային հաղորդակցությունն արգելելու Մոսկվայի որոշմանն արձագանքել են խորհրդարանից։ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի նոր որոշումները պայմանավորված են նրանով, որ անցյալ տարի Եվրամիությունը թեկնածուի կարգավիճակ չտվեց Վրաստանին։
«Ինչու՞ Ռուսաստանը սկսեց նոր որոշումներ կայացնել և ինչու՞ չեղարկեց պատժամիջոցները։ Վրաստանը մեկ տարի առաջ արժանի էր թեկնածուի կարգավիճակին, սակայն այս որոշման ձգձգումը, ի թիվս այլ բաների, առաջացրեց Ռուսաստանի Դաշնության ակտիվացմանը և այն որոշումները, որոնք ակներև են այսօր»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ այժմ հիմնական մտահոգությունը պետք է լինի այն, որ Վրաստանը ժամանակին, առանց հապաղումների կարգավիճակ ստանա Եվրամիությունից։
Թալակվաձեի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը միակողմանի պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ և միակողմանիորեն էլ որոշել է վերացնել վիզային ռեժիմը։
«Արմատական ընդդիմությունը բացարձակապես վնասաբեր և անպատասխանատու հայտարարություններ է անում։ Նրանք իշխանություններից գործնականում պահանջում են պատժամիջոցներ կիրառել սեփական հայրենակիցների նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնությունը միակողմանիորեն, առանց Վրաստանի մասնակցության, որոշել է չեղարկել վիզային ռեժիմի հետ կապված պատժամիջոցները։ Սա քննադատվում է այն մարդկանց կողմից, ովքեր 2008-ին թողեցին իրենց բնակչությանը պատերազմական գոտում, որտեղ Ռուսաստանը հարձակում էր իրագործում և օկուպացիա, լքեցին իրենց զինվորներին, իսկ դրանից հետո, երբ Ռուսաստանը մտցրեց վիզային սահմանափակումներ, հենց այս քաղաքական ուժն ու նրանց քաղաքական առաջնորդն էին, որ միակողմանիորեն չեղյալ հայտարարեցին վիզային ռեժիմը:
Ուզում եմ դիմել արտագաղթյալ մեր հայրենակիցներին, արմատական ընդդիմությունը Վրաստանի իշխանություններին խնդրում է պատժամիջոցներ կիրառել ձեր դեմ, ինչի հետ մենք, իհարկե, համաձայն չենք, և Վրաստանի իշխանությունները պատժամիջոցներ չեն կիրառի իրենց հայրենակիցների նկատմամբ»,- ասել է Արչիլ Թալակվաձեն: