Արդեն մի քանի օր է, ինչ 2020 թվականից անմխիթար վիճակում գտնվող Ախալքալաքի Ջավախեթյան փողոցում վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Դարբինյան փողոցում ասֆալտի շերտը նույնպես հանված է։
Ջավախեթյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները սկսվեցին համեմատաբար տաք եղանակներն ընկնելուն պես։ Աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթը շահած «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրենի խոսքով, իրենք կաշխատեն այնքան ժամանակ, քանի դեռ անցյալ տարի անցկացված կոյուղագծի ու ջրագծի հետ կապված խնդիրներ չեն առաջանա:
«Վերանորոգման աշխատանքները սկսված են։ Ինչ ես ավելի վաղ ասել էի կոյուղու և ջրագծի մասին, հաստատում եմ, այդպես էլ կա։ Հիմա տեսնենք, թե երբ կանցնի գլանվակը(валик), եթե խողովակները վնասվեն, ուրեմն խնդիր կա։ Մեզ ստիպում են, մենք էլ անում ենք: Կփչանա, կանգ կառնենք։ Եթե խնդիրներ չլինեն, ապա շատ արագ կավարտենք աշխատանքները։ Երեք ամսվա ընթացքում: Դեռ մենք ժամանակ ունենք, ժամկետները չեն սեղմում»,- ասում է Նոդար Ինասարիձեն։
Այս փողոցը պետք է ասֆալտապատվեր դեռևս Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու ասֆալտապատման ժամանակ, սակայն պարզվեց, որ Ջավախեթյանի ջրատար խողովակները հին են, իսկ կոյուղագիծ ընդհանրապես չկա: Ասֆալտապատումը չիրականացվեց: Ըստ այդմ էլ 2021-2022 թթ-ին կատարվեցին փողոցի ջրագծի և կոյուղագծի անցկացման աշխատանքներ, որից հետո Վրաստանի ճանապարհային վարչությունն ասֆալտապատման համար էլեկտրոնային նոր մրցույթ հայտարարեց, որը հաղթեց «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։
Սակայն ասֆալտապատման աշխատանքներն այդպես էլ 2022 թվականին չսկսվեցին: Մրցույթը շահած ընկերությունը հրաժարվում էր ասֆալտապատել փողոցը՝ պատճառաբանելով, որ ջրատար խողովակներն ու կոյուղագիծը շատ ծանծաղ է անցկացված:
Ի վերջո, երկար քննարկումներից հետո կողմերն ընդհանուր հայտարարի եկան՝ ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն, իսկ շինարարության ընթացքում ջրամատակարարման կամ կոյուղագծերի վրա վթարների դեպքում խնդիրները կշտկվեն ոչ թե վերականգնումն իրականացնող, այլ այդ գծերը տեղադրած ընկերության կողմից։ Բայց մինչ կողմերը լուծում գտան, վրա հասավ ձմեռը և փողոցը մնաց առանց ասֆալտի։
Այս ամբողջ ընթացքում Ջավախեթյան փողոցում և Դարբինյանի մի հատվածում ստեղծված իրավիճակը խիստ դժգոհություն է առաջացնում ոչ միայն այս փողոցների բնակիչների, այլև վարորդների մոտ, ովքեր ստիպված են երթևեկել այս ճանապարհով։