Վրաստանում գործող Beeline բջջային օպերատորն իր ապրանքանիշը վերանվանել է Cellfie («Սելֆի»)-ի:

«Մենք հասկանում ենք, որ նման փոփոխությունը կարող է շատ հարցեր առաջացնել ձեզ մոտ։ Վստահեցնում ենք, սակայն, նոր ապրանքանիշի անցնելը ձեզ անհանգստություն չի պատճառի: Մենք շարունակում ենք բաժանորդների հետ ընկերություն անել «Սելֆի» անվան ներքո»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Cellfie-ն հայտնում է, որ արդեն միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կշարունակեն օգտվել ընկերության ծառայություններից։

Անվան հետ փոխվել է նաև ընկերության կորպորատիվ ինքնությունը՝ հիմնական գույներն այժմ վարդագույնն ու մանուշակագույնն են։ Կայքը նաև թարմացրել է առաջարկներն ու գները: