Այսօր Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում 76 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի քննարկմանը զուգահեռ, կրկին բողոքի ակցիա է ընթանում: Օրենսդիր մարմնի շենքի մոտ հավաքված են շարքային քաղաքացիներ, ուսանողներ, դասախոսներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլք։
Ռուսթավելիի պողոտան ամբողջությամբ փակ է: Խորհրդարանի երկու կողմի մուտքերի մոտ մեծ թվով ներքին գործերի նախարարության աշխատակիցներ են մոբիլիզացված:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։
Հիշեցնենք, որ «Օտարերկրյա գործակալների» փաթեթն իր մեջ երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Օրենքների նախագծերը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած և «Ժողովրդի ուժը» շարժումը ձևավորած քաղաքական գործիչներ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին, Գուրամ Մաճարաշվիլին, Դաչի Բերաիան, Վիկտոր Ջափարիձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։