Հունվարի 27-ին «Վրաստանի երիտասարդական միության» անդամները պիկետ են անցկացրել Վրաստանի հանրային հեռարձակողի մոտ՝ բողոքելով Վրաստանում գործող հիմնական լրատվականների լռության դեմ:

piket 3

Դեռևս դեկտեմբերի 26-ին, «Րաֆֆի» ուսանողության միության անդամները Վրաստանում գործող 20 խոշոր լրատվամիջոցներին էին հանձնել Արցախի մասին պատմական գրքեր, ՄԱԿ-ի տասնյակ ներկայացուցիչների և այլ առաջատար երկրների պատասխաններն Ադրբեջանին, Վրաստանի հայ համայնքի բաց նամակը, որը պարունակում էր տեղեկատվություն Ադրբեջանի կողմից Արցախում 120 000 մարդկանց շրջափակման մասին։

piket 1

Պիկետն անցկացվեց հանրային առաջին հեռուստաալիքի դիմաց, որն ունի նաև հայալեզու բաժին՝ Ռամիլիա Ալիևայի գլխավորությամբ: Պիկետի մասնակիցները իրենց հետ ունեին ցուցանակներ, որոնց վրա գրված էր Արցախի շրջափակման, սննդի և դեղորայքի պակասության և, իհարկե, հանրության լռության մասին:

piket 2

«Րաֆֆի» ուսանողական միության վարչության նախագահ Վրեժ Հարությունյանը Jnews-ի հետ զրույցում նշեց.

«Հույս ունենք, որ այսօրվա անցկացված պիկետը կազդի լրատվամիջոցների վրա և մնացածն արդեն ժամանակը ցույց կտա: Մենք ապագայում ևս ըստ անհրաժեշտության՝ անցկացնելու ենք տարբեր միջոցառումներ: Բողոքի գլխավոր պատճառն այն է, որ բացառությամբ մի քանի լրատվականների, երկրի հիմնական լրատվամիջոցները գերադասում են լռել և ոչ լիարժեք տեղեկության տրամադրել հանրությանը»:

boxoq

Հավելենք նաև, որ մի քանի օր առաջ հայ երիտասարդները Թբիլիսիի տարբեր կամուրջների վրա Արցախի շրջափակման հետ կապված պաստառներ են տեղադրել՝ այդպիսով գրավելով հանրության ուշադրությունը: