Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ավելի քան տասնյակ պատգամավորներ դատապարտել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումն Ադրբեջանի կողմից և կոչ արել քայլեր ձեռնարկել՝ կանխելու ահագնացող հումանիտար աղետը:

Շվեդիան ներկայացնող պատվիրակ Բորիանա Աբերգը, շեշտել է՝ 120 հազար մարդկանց տառապանքն ավելի մեծ ուշադրության է արժանի, գրում է «Ազատությունը»։

«Սա տարածքային ամբողջականության հարց չէ, սա մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը վերաբերող հարց է։ Մարդիկ չունեն գազ, էլեկտրականություն, սնունդ։ Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղում քաղցած են, ապրում են ցրտի, խավարի մեջ», -ասել է նա։

Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն ավելի հստակ է արտահայտվել, իր խոսքով, «տագնապալի իրավիճակի» մասին։

«Մարդկանց սովամահ, սառած, առանց դեղորայքի, էլեկտրականության, ջրի մատակարարման կամ արժանապատվության թողնելն իրականում ցեղասպանության ակտ է»,-ասել է նա։

Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջիլ Մորտիմերն ասել է, որ Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը։ Բրիտանացի պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միմյանց հետ անկեղծ խոսելու հնարավորություն գտնեն, եթե ցանկանում են խաղաղ ապրել որպես հարևաններ։

Ֆրանսիացի պատգամավոր Բերտրան Բուիքսն հիշեցրել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքը, այլև չի վերադարձրել Հայաստանին Ադրբեջանում պահվող ազատազրկված անձանց։ Մանրամասն նկարագրելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, իր բնորոշմամբ՝ անհնարին դարձած կյանքը, Բուիքսը, այդուհանդերձ, շեշտել է՝ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունը պետք է շարունակել, հիշեցնելով, որ Բաքուն գազ է մատակարարում Եվրամիությանը։

«Բայց նաև պետք է հիշենք, որ մեր աշխարհամասը մի համայնք է, որի արժեքներն են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը», – ընդգծել է ֆրանսիացի խորհրդարանականը:

Թուրքիայի ներկայացուցիչ Զեքի Հաքան Սիդալիի գնահատմամբ, մինչդեռ, Ադրբեջանին վերագրվող մեղադրանքները կեղծ են, և առհասարակ պետք է ոչ թե լարվածությունից, այլ խաղաղությունից խոսել։ Կրկնելով Բաքվի պաշտոնական դիրքորոշումը՝ թուրք պատգամավորն ասել է, թե տարածաշրջանում սննդամթերքի հասանելիության խնդիր չկա, հետևաբար պետք է «գործել փաստերի, այլ ոչ հույզերի հիման վրա»։

Ինչպես անցած մեկուկես ամսվա ընթացքում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը, այնպես էլ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները միաբերան պնդել են՝ Լաչինի միջանցքը բաց է, «որևէ շրջափակում չկա»։

Ադրբեջանցի պատգամավոր Նիգար Արփադարայն ասել է, թե Լաչինի միջանցքի փակման թեման «մեդիա դրամա է», որի բեմադրիչը Ռուբեն Վարդանյանն է։

Պատգամավոր Քամալ Ջաֆարովը հայտարարել է, թե հենց Վարդանյանն է մեղավոր Ղարաբաղում ստեղծված իրավիճակի համար։

«Նրան Մոսկվայից են ուղարկել հստակ մտադրությամբ», – առանց փաստեր վկայաբերելու ասել է ադրբեջանցի պատգամավորը և դիմելով հայաստանցի գործընկերներին՝ նախազգուշացրել. – «Վարդանյանը եկել է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանի վարչապետը դառնալու նպատակով»։

ԵԽԽՎ-ում տեղի ունեցած այս քննարկմանը որևէ փաստաթուղթ, որոշում չի ընդունվել։ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում առաջարկել է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք։

«Եթե մեր ադրբեջանցի գործընկերները դեմ են, ապա սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանության մտադրություն: Նրանց նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է», – հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։ Հունվարի 25-ին գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

Աղբյուրը՝ PanArmenian.net