Եթե թբիլիսահայ երգչուհի Իրու Խեչանովը «The voice» երաժշտական նախագծում հաղթի, ապա հաջորդ տարի Եվրատեսիլ երգի մրցույթին կներկայացնի Վրաստանը: Հունվարի 10-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել երգչուհու հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

iru_voice_2

Վրաստանի «The voice» երաժշտակաան նախագծի մասնակից Իրու Խեչանովի հետ հանդիպումն իրականություն է դարձել Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանի և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը խոսվել է ազգությամբ հայ երգչուհու անցած ուղու և ձեռքբերումների մասին։

Հունվարի 13-ին կմեկնարկի «The voice» նախագծի քվեարկությունը, որը կշարունակվի մինչև հունվարի 19-ը ներառյալ: Թբիլիսիի հայ երիտասարդները ցանկություն են հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ քվեարկությանը:

iru_voice_3

«Իրու Խեչանովն ունի բոլորիս աջակցության կարիքը։ Նա հասել է եզրափակիչ փուլ և հաղթելու դեպքում հաջորդ տարի Վրաստանը կնկերայացնի Եվրատեսիլում։ Եվ ուրեմն բոլորս պետք է աջակցենք ազգությամբ հայ երգչուհուն, այս կարևորագույն փուլը հաղթահարելու համար», – Jnews-ի հետ զրույցում ասել է Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը

Իրու Խեչանովը ծանոթացել է հայ երիտասարդների հետ և նրանց համար կատարել մի քանի երգ։ Համդիպման ավարտին երգչուհին շնորհակալություն է հայտնել երիտասարդներին ոգևորող խոսքերի և աջակցության համար։

Ժաննա Չոգանդարյան