Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ սահմանվել է բժիշկների և բուժքույրերի աշխատանքի նվազագույն վարձատրությունը։
Ըստ Զուրաբ Ազարաշվիլիի՝ բուժքույրերի նվազագույն աշխատավարձը 792 լարի է, իսկ բժիշկներինը՝ 1260 լարի։
«Մենք կարևոր որոշում ենք ընդունել բժիշկների և բուժքույրերի նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։ Ինչպես գիտեք, մենք ունենք մեծ թվաքանակով բժիշկներ և բուժքույրեր, ովքեր, ցավոք, շատ ցածր են վարձատրվում։ Կարծում ենք՝ բժշկական ծառայությունների վճարումներով, որոնք պետությունը փոխհատուցում է համընդհանուր առողջապահությունից, տեղին կլինի սահմանել բժիշկների և միջին բուժանձնակազմի ամսական նվազագույն աշխատավարձը։ Ընդգծում եմ՝ սա նվազագույն գումարի չափն է։ Իհարկե, դրանից ավելի բարձր աշխատավարձ էլ կարող են սահմանել։ Բուժքույրերի դեպքում նվազագույն աշխատավարձը 792 լարի է, բժիշկների դեպքում՝ 1260 լարի։ Ի սկզբանե, երբ մենք հայտարարեցինք այդ մասին, խոսակցություններ կային, որ մենք ֆիքսված աշխատավարձ ենք սահմանել, և որ աշխատավարձը շատ ցածր է այն աշխատանքի դիմաց, որ անում են բժիշկներն ու բուժքույրերը։ Իհարկե, դա ցածր է, բայց դա նվազագույնն է, այլ ոչ ֆիքսված աշխատավարձ»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։