Ախալքալաքի մունիցիպալիտետում պատվաստման մակարդակը շատ ցածր է, իսկ կորոնավիրուսով վարակվածությունը՝ բարձր։ Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակչության միայն 4-6%-ն է պատվաստվել, և հիմնականում պատվաստել են ուսուցիչները, վախենալով, որ թեստերի համար վճարելու են։ Շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է, որ COVID-19-ը հնարավոր չէ հաղթահարել առանց պատվաստման։
«Մեր հիվանդանոցի աշխատակիցների 85%-ը պատվաստված է, ինչը լավագույն ցուցանիշներից է երկրում, մենք կանաչ հիվանդանոցի կարգավիճակ ունենք, հիվանդանոցում ունենք ցուցանակ, որտեղ գրված է՝«Ձեզ սպասարկում է պատվաստված անձնակազմ»։ Ոչ բոլոր հիվանդանոցներն ունեն այս կարգավիճակը, սա բացատրական աշխատանքի և, ինչու չէ, վարչական լծակների կիրառման արդյունքն է»,- ասաց Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Նա հավելեց, որ մունիցիպալիտետի գյուղերի բուժքույրերից ոչ մեկը պատվաստված չէ։
«Չկա գյուղ, որտեղ կորոնավիրուսով վարակված երկու ընտանիք չլինի։ Չնայած ուսուցիչների 30%-ը նույնպես պատվաստված չէ, սակայն ամենածանր վիճակը առողջապահության ոլորտում է՝ բուժաշխատողների շրջանում։ Ինչ կարող են նրանք պահանջել մյուսներից: Միակ ելքը, որ գոնե 2022 թվականի հունիսին մենք վերադառնանք մեր նախկին կյանքին, դա պատվաստումն է»:
Բժիշկը հավելեց նաև, որ պատվաստումը չի նշանակում, որ վարակը բացառված է, բայց պատվաստվածի վարակվելու հավանականությունը շատ ավելի քիչ է, ինչպես նաև հիվանդության ընթացքն ավելի թեթև է։
Ալեքսան Թորոյանը կարծում է, որ զանգվածային միջոցառումները մունիցիպալիտետում(հարսանիքներ, հոգեհացեր և այլ խնջույքներ) նպաստում են կորոնավիրուսի տարածմանը։
Տարբեր պատվաստանյութեր ունեն տարբեր արդյունավետություն, այն տատանվում է 75%-95%-ի սահմաններում: Ինչպես բացատրում է բժիշկը, եթե 10 չպատվաստվածներից 10-ը վարակվում են, ապա 10 պատվաստվածներից միայն մեկն է վարակվում։ Բացի այդ, ըստ Թորոյանի, չպատվաստվածն ավելի շատ է վիրուսը տարածում, քան՝ պատվաստվածը: