Մարտունի գյուղը քաղաքի և այլ գյուղերի հետ կապող կամուրջը վթարային վիճակում է, այն կախվել է, մայթի հետ միացման տեղերում առաջացնելով մեծ անցքեր։ 2016 թվականից գյուղացիները դիմում են ինքնակառավարման մարմիններին կամրջի վերականգնման համար: Ասել են՝ կվերանորոգեն, բայց ե՞րբ պարզ չէ։
Ինչպես հետիոտնի, այնպես էլ վարորդների համար արդեն վտանգավոր է կամրջով երթևեկությունը: Որոշ տեղերում կամրջի մայթի և ճանապարհի միացման տեղում անցքեր են առաջացել։
Կամրջի ծածկը սկզբից փայտյա է եղել, հետո փոխարինվել է երկաթով։
“Վաղուց այս կամուրջը չի վերանորոգվել, փոս է ընկել, վախենում ենք, որ քայլենք վրայով։ Ինչ վերանորոգում, մենք նման բան չենք տեսել”, – ասաց գյուղի բնակչուհի Մարաբյան Մարինան։
Մեկ այլ գյուղացի էլ ասում է, որ նորոգում եղել է շատ տարիներ առաջ, անգամ չեն կարող մտաբերել որ թվականն էր։
“Մեծ մեքենա էր անցել կամրջով ու մի հատված փոսն ընկավ, այդպես էլ մնաց։ Մարդ վախենում է, որ այդ մասով անցնի։ Ինչքանով գիտեմ, այս տարի գյուղացիները այդ հարցը բարձրացրել էին ու ասել էին, որ պետք է վերանորոգեն, թե երբ, չենք կարող ասել, խոսքով ամեն տարի էլ նորոգում են։ Չգիտենք ինչ են մտածում”, – ասաց Խրիմյան Սուսաննան։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 2023 տարվա բյուջեում Մարտունի գյուղի կամրջի վերանորոգումը նախատեսված չէ, սակայն դա չի նշանակում, որ դրա վերականգնումը հաջորդ տարի չի լինելու:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասաց, որ վերանորգման նախագիծը պատրաստ է, սակայն երբ կսկսվի վերանորոգման աշխատանքները կախված է գումարի առկայությունից։
“Մոտավորապես 500 000-ից 600 000 լարի արժողությամբ նախագիծ է, այն պատրաստ է, ինչպես նաև Խորենիայի կամրջի վերանորոգման նախագիծը։ Թե երբ կվերանորոգենք, դա կախված է տարվա կտրվածքից, այսինքն ինչքան աշխատանք կունենանք, ինչքան տնտեսում և ինչքան ֆինանսավորում”, – ասաց Մակարյանը։
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝