Մարտունի գյուղի կամուրջը, որը գյուղը կապում է քաղաքին և այլ գյուղերին, գտնվում է վթարային վիճակում: Հիմա գնահատվում է կամրջի վիճակը, որպեսզի վերանորոգման նախագիծ կազմվի:

most2

Չնայած Մարտունի գյուղի կամրջի փոսերն ու կռացած վիճակն արդեն սովորական են բնակիչների համար, սակայն նրանք նույնպես արդեն վախենում են: Վտանգավոր է դրանով անցնել ինչպես հետիոտնին, այնպես էլ մեքենաներին: Կամուրջը ծռվել է, մեջտեղում կախվել: Որոշ տեղերում կամրջի մայթի և ճանապարհի միացման տեղում խոշոր անցքեր են բացվել, որտեղից հնարավոր է ընկնել գետը: Կամրջի ծածկը երկաթից է, որոշ տեղերում անցքեր են առաջացել:

most6

Գյուղացիների խոսքով, կամուրջը կառուցվել է շատ վաղուց, սկզբում ծածկը փայտյա է եղել, և միայն Խորհրդային Միության ժամանակ այն փոխարինվել է երկաթով:

«Երբ դեռ սովխոզ կար, նրանք տվեցին 3 տոննա ցորեն մի անհատ անձի, որպեսզի նա փոխեր փայտե տախտակները երկաթի: Հետո խոշոր մեքենաները անցան կամրջի վրայով, և կամուրջը ծռվեց: Կամուրջը կառուցել է Մյասնիկյանը, երբ այս կողմերում էր, և գյուղը կոչվել է Մարտունի, բայց ոչ-ոք չգիտի կոնկրետ, թե երբ է եղել դա և այդ ժամանակից ի վեր կամրջի հիմքը չի վերանորոգվել», – ասում է Մարտունու բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ:

Այս կամրջից օգտվում են նաև Խոսպիո գյուղի բնակիչները, նրանց անասունները այս կամրջով են անցնում դեպի արոտավայրեր:

Կամրջի մուտքի մոտ, մայրուղու կողմից կա ճանապարհային նշան, բայց արգելքի նշանակությունը այլևս հնարավոր չէ տեսնել, այն վաղուց ջնջվել է: Երևի այս նշանը սահմանափակում է կամրջով անցնող մեքենաների ծանրությունը:

most4

5-6 տարի առաջ բնակիչների խոսքերով, գյուղացիներից մեկը կամրջով ծանր բեռ է անցկացրել, և դրանից հետո կամուրջը ծռվել է: Այդ մարդը մեղքն իր վրա է վերցրել, ցանկացել է վերանորոգել, բայց չի ստացվել:

Գյուղի նախկին լիազոր Թեմուր Ղավրելիշվիլին նույնպես խոսում է այդ դեպքի մասին: «Նա խոստացավ վերանորոգել: Չկարողացան գտնել մի վերամբարձ կռունկ, որը կկարողանար մտնել ջուրը, բարձրացնել հին ծածկը և տեղը նոր երկաթե ծածկ տեղադրել», – բացատրեց Թեմուր Ղավրելիշվիլին:

Կամրջի ցանկաճաղերը կառուցվել են 2010 թվականին, սակայն ճանապարհը չի վերանորոգվել:

Կամրջի վթարային վիճակից անհանգիստ է նաև Ալբերտ Խրիմյանը: «Կամուրջը ծռված է, պետք է փոխել ամբողջ մակերեսը և հավասարեցնել, և ամենակարևորը` ամրապնդել կամրջի հիմքը», – ասում է Ալբերտ Խրիմյանը:

Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսագիտության և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը հայտնեց, որ վերանորոգման համար անհրաժեշտ է առնվազն կես միլիոն լարի: Այժմ ընթանում է կամրջի վիճակի գնահատման պրոցեսը:

«Մենք քաղաքապետի հրամանով, այսօր գյուղում էինք փորձագետի հետ միասին (խմբ. Փետրվարի 14-ին): Պետք է կազմել նախագիծ, հետո բյուջեից գումար հատկացնել: Բայց հիմա մենք սպասում ենք փորձագետի եզրակացությանը, որը կլինի 4 օրից: Նրանք կասեն, թե արդյոք անհրաժեշտ է ամրացնել կամրջի հիմքը, թե բավարար է միայն երկաթե ծածկը փոխել և կամուրջը հավասարեցնել», – ասաց Վահան Բաթոյանը:

Շուշան Շիրինյան