Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թբիլիսիում Վրաստանի կրթության և գիտության նախարարության դիմաց Վրաստանի հայ համայնքը, Վրաստանի երիտասարդական և «Րաֆֆի» ուսանողական միությունների նախաձեռնությամբ պիկետ են անցկացրել, որպեսզի Վրաստանի դպրոցներում կանխվի պանթուրքիզմի գաղափարախոսության տարածումը: Մասնակիցները պարզել էին «Ոչ պանթուրքիզմի գաղափարախոսությանը» գրությունով պաստառներ:

«Ադրբեջանը երկրորդ տարին է՝ նոյեմբերի 8-ին նշում է այսպես կոչված «Հաղթանակի օրը», սակայն չի բավարարվել այս «տոնը» նշել սեփական երկրում և այժմ այն ​​նշում է այլ երկրներում, որտեղ ապրում են էթնիկ ադրբեջանցիներ, այդ թվում՝ Վրաստանում։ Ցավոք, պետք է նշել, որ Վրաստանի տարածքում անցկացվող տարբեր միջոցառումների շարքում Թբիլիսիի թիվ 64 հանրակրթական դպրոցում նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված այս տոնին, որտեղ համարձակորեն և բացահայտորեն ընդունում է Ադրբեջանի հակահայկական վերաբերմունքը և տարածում պանթուրքիզմի գաղափարախոսությունը», – նման հայտարարությամբ են հանդես եկել պիկետի մասնակիցները:

Նաև պիկետի մասնակիցներն առհասարակ անընդունելի են համարում նմանատիպ միջոցառումների անցկացումը Վրաստանում:

«Որպեսզի վաղը ինչ-որ երեխա, ինչպես Ռամիլ Սաֆարովը, Վրաստանում չորոշի հանցագործություն կատարել՝ ազգային հերոս դառնալու համար: Կարծում ենք՝ նախարարությունը տեղյակ չի եղել այս ամենից, և բացի այդ, այս ամենին համապատասխան արձագանք կլինի, և կպարզվի նաև՝ արդյո՞ք այս դպրոցը միակն է, որտեղ նման «տոնակատարություն» է անցկացվել։ Վրաստանը միշտ եղել և մնում է չեզոք երկիր, որտեղ երկու ազգային փոքրամասնություններ ապրում են խաղաղ, և հաշվի առնելով տարածաշրջանում խաղաղության տանող Վրաստանի դերը, երկրի տարածքում նմանատիպ դրսևորումները չեն նպաստում այդ խաղաղության հաստատմանը», – ասված է պիկետի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ:

314826893_657852575894631_5997720338660632329_n

315501376_572554374675130_4345532989835826838_n