Արդեն երեք տարի է, ինչ Ախալքալաքում գործում է Ջավախքի առաջին կանանց ակումբը՝ «Մայրերի և երեխաների աշխարհը»։ Ակումբը բացել է «NEW STYLE» հասարակական կազմակերպությունը, Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Սկզբում Ախալքալաքի կանայք ոգեշնչված էին, այցելուները շատ էին, իսկ այժմ ակումբի այցելուները քչացել են, և, սրանից ելնելով, եկամուտը նույնպես չնչին է։

Ակումբի նախագիծն Ախալքալաքի համար բացառիկ էր, քանի որ մինչ այդ չկար այնպիսի վայր, որտեղ կանայք կարողանային հավաքվել, մարզվել, վերապատրաստվել, քննարկել հարցեր ու խնդիրներ, կտրվել առօրյայից։ Կազմակերպությունը ստեղծվել է տարբեր մասնագիտությունների տեր հինգ կանանց կողմից՝ բանկիրներ, իրավաբաններ, տնտեսագետներ։

Նախագծի նպատակը, ըստ ակումբի համահիմնադիրների, կականց տնից հանելն էր, գավառական մտածելակերպը կոտրելը։ Ակումբը բացվել է 2019թ.-ին: Սկզբում կանայք շատ ակտիվ էին և հետաքրքրված, բայց համավարակից հետո ամեն ինչ փոխվեց դեպի վատը։

«Գալիս էին, հարցնում, թե կոնկրետ ինչով կարող են օգնել, ինչով են զբաղվելու: Նրանգ գալիս էին, զարմանում: Մեզ թվում էր, որ հասել էինք մեր նպատակին, քանի որ կանանց կողմից մեծ ակտիվություն կար: Մեր նպատակը կանանց ներգրավելն էր նախագծերում, որպեսզի նրանք զարգանային, բայց համավարակը առաջին հերթին ազդեց մեզ նման կազմակերպությունների վրա, ովքեր աշխատում են մարդկանց հետ»,- ասաց NEW STYLE կազմակերպության անդամ Սիրանուշ Տեփոյանը։

Հիմա ակումբն որոշել է վերագործարկվել, հիմնադիրները գրում են նախագծեր, դիմում են դրամաշնորհների համար, նախագծի համար գրել են մոտ հինգ հայտ, բայց մինչ այժմ ոչ մի դրամաշնորհ չեն շահել:

mir mam i

Ակումբը երեք տարի շարունակ մասնակցել է ավելի քան 30 գործընկերային նախագծերի, հիմնականում Ախալցիխեի կազմակերպությունների հետ։

«Մենք թրեյնինգներ ենք անցկացրել երիտասարդների համար, կանանց համար, թե ինչպես գրել նախագծեր, գենդերային, կորոնավիրուսի թեմայով, բժշկական նախագծեր»,- ասում է NEW STYLE կազմակերպության մեկ այլ անդամ Հասմիկ Շախբեկյանը։

Ակումբի ստեղծման նախագիծը սոցիալական էր: Կանանց ակումբն ունի մարզասարքեր, մանկական սենյակ, այնտեղ կարելի է միջոցառումներ անցկացնել կամ պարզապես նստել ու զրուցել։ Մարզասարքերի վրա մարզվելու ամսավճարը 35 լարի է կազմում, մանկական սենյակից օգտվելը 3 լարի է մեկ ժամը։ Դեռ ակումբը եկամուտ չունի, ինչ ստացել էին, ըստ կազմակերպիչների, ներդրել են ակումբի զարգացման համար։

trenajeri

Ակումբի նախագծի ընդհանուր գումարը կազմել է 68 290 լարի, որից 11 410-ը համահիմնադիրների ինքնաֆինանսավորումն է, մնացածը՝ դրամաշնորհը։

«Մենք մտածում ենք, ինչպես հաղթահարենք դժվարությունները, որպեսզի հասնենք մեր նպատակին: Պասիվությունը պետք է հաղթահարել մտածելակերպը փոխելով, կանայք պետք են ոչ միայն տան համար, նրանք պետք է ակտիվ լինեն ամեն ինչում»,- ասում են կազմակերպիչները։

detskaya komnata

Նրանք գիտակցում են, որ մտածելակերպը փոխելը բարդ ու երկար գործընթաց է, բայց ասում են, որ պետք չէ հիասթափվել, պետք է աշխատել ու հասնել արդյունքների։