Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրում։ Օրինագիծն առաջարկել են ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավորներ Աննա Նացվլիշվիլին, Դավիթ Ուսուփաշվիլին, Շալվա Շավգուլիձեն և Սալոմե Սամադաշվիլին։

Օրինագծի պարզաբանման մեջ դրա նախաձեռնողները նշում են. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստան և մնալ 1 տարի ժամկետով։ Այս ազատական ​​մոտեցումը և այցելուների հոսքի վերջին աճը տրամաբանորեն կապված են աճող սպառնալիքների հետ: Ուստի կարեւոր է խստացնել կանոնակարգերը»։

Միևնույն ժամանակ, փոփոխությունները նախատեսում են բացառական դեպքեր այն անձանց համար, ովքեր «հատուկ կապեր ունեն Վրաստանի հետ»։

Բացի այդ, Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձինք դեռևս կկարողանան մուտք գործել, եթե նրանք Վրաստանի քաղաքացու ընտանիքի անդամներ են (ամուսին, խնամքի նորքո կամ խնամակալության տակ գտնվող անչափահաս երեխա և (կամ) խնամակալության տակ գտնվող անչափահաս, ալիմենտ ստացող կամ սահմանափակ կարողության տեր անձ) կամ Վրաստանի քաղաքացու հարազատներ (ամուսին, երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) են:

Բացի այդ, նախքան Վրաստան մուտք գործելը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պետք է գրավոր հաստատի, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և որ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Վրաստանի տարածք։

«Այս դրույթը կդառնա կարևոր զտիչ՝ կանխելու այն անձանց մուտքը Վրաստան, որոնց համար խնդրահարույց է ճանաչել իրենց երկիրը որպես ռազմական օկուպացիա իրականացնող ագրեսոր պետություն և հարգանք ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- հայտնում են օրինագծի հեղինակները։

Առաջարկվում է նաև արգելել մուտքը Վրաստան այն քաղաքացիներին, ում իրերը կամ տրանսպորտային միջոցները ցույց են տալիս «ոչ խաղաղ խորհրդանիշներ», մասնավորապես՝ լատիներեն Z և V տառերի գրաֆիկական պատկեր, որոնք «դառնում են ռուսական ագրեսիայի խորհրդանիշներ», ասվում է օրինագծի բացատրական քարտում:

Ռուսաստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար մոբիլիզացիայի հայտարարությունից հետո սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 26-ը Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 53 136 քաղաքացի, մեկնել՝ 34 990։

Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելը։

Նյութը newsgeorgia.ge-ից