2012 թվականից մինչև 2022 թվականը Վրաստանում փոխնակ մայրերը 4 026 երեխա են լույս աշխարհ բերել: Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից՝ ի պատասխան «Ինտերպրեսնյուզ» գործակալության հանրային հարցման։
Ամենից շատ փոխնակ մայրության միջոցով երեխաներ են ծնվել 2020 թվականին՝ 819։ Այս տարի այս ճանապարհով ծնվել է 446 երեխա։
Տասը տարի առաջ՝ դեռ 2012-ին, հատուկենտ դեպքեր են եղել՝ ընդամենը 35, բայց աստիճանաբար այդ թիվը հասել է տարեկան մի քանի հարյուրի։
Վրաստանում հաճախ են դիմում փոխնակ մայրության օտարերկրացիները: Այսպիսով, այս տարի Վրաստանում փոխնակ մայրերը տասը երեխա են լույս աշխարհ բերել ԱՄՆ քաղաքացիների համար, 123-ը՝ Իսրայելի, 11-ը՝ Մեծ Բրիտանիայի, իսկ 21 հոգի՝ Իսպանիայի։
Վրաստանից իրենց երեխաներին տարած ընտանիքների ցանկում են նաև Ավստրալիայի, Թուրքիայի, Կանադայի, Բանգլադեշի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Արգենտինայի, Նոր Զելանդիայի, Վենեսուելայի, Լիտվայի, Կիպրոսի, Մավրիկիոսի, Մոլդովայի, Նիդեռլանդների և Էստոնիայի քաղաքացիները։
Վրաստանն այն եզակի երկրներից է, որտեղ թույլատրված է փոխնակ մայրությունը, և դա գրավում է անզավակ զույգերի ուշադրությունն ամբողջ աշխարհից, քանի որ գենետիկ ծնողների կարգավիճակը առաջնային է համարվում։
Վրաստանում մեծ թվով կանանց համար գործազրկության և ցածր աշխատավարձի պայմաններում փոխնակ մայրությունը դարձել է իրենց ընտանիքների ֆինանսական խնդիրները լուծելու միջոց։
Ընդ որում, փոխնակ մայրության ծառայությունների փաթեթները Վրաստանում սկսվում են 25 հազար դոլարից, ինչը շատ ավելի էժան է, քան, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ այն արժե ավելի քան 100 հազար դոլար։
Երկու տարի առաջ՝ կորոնավիրուսային համավարակի սկսվելուց հետո, երբ Վրաստանը փակեց իր սահմանները, շատ ԶԼՄ-ներ գրեցին փոխնակ մայրերի կողմից ծնած առնվազն 40 երեխայի խնդրի մասին, որոնց կենսաբանական ծնողները մի քանի ամիս չէին կարողանում երկիր ժամանել՝ երեխաներին տանելու համար։ Երեխաների խնամքն այդ ողջ ընթացքում հավելավճարի դիմաց կազմակերպվում էր կլինիկաներում։