Վրաստանի ողջ տարածքում պետական և մասնավոր դպրոցներում ուսումնական գործընթացը շարունակվում է խառը ձևաչափով։ Ըստ ԿԳՆ-ի՝ համաճարակաբանների հանձնարարականով՝ այս փուլում երկրի ողջ տարածքում գործող 2 085 պետական և 217 մասնավոր դպրոցներից 732-ը գործում է հեռավար ուսուցմամբ։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա ռիսկային խմբի 135 ուսուցիչ ցանկություն է հայտնել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով։
Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել ուսուցիչների 6,5%-ի և աշակերտների 2,5%-ի մոտ։ Այս պահին պատվաստվել է ուսուցիչների և դպրոցի տնօրինության ներկայացուցիչների 73.6%-ը։
«Ինչպես հայտնի է, հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի որոշմամբ՝ աշակերտների ծնողները հնարավորություն ունեն ընտրություն կատարել ներկա և հեռավար ուսուցման միջև։ Հետևաբար, Վրաստանի դպրոցներում կրթական գործընթացը շարունակվում է խառը ձևաչափով։
Ուսուցիչների և աշակերտների համար անվտանգ միջավայր ապահովելու համար Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները շարունակում են մշտադիտարկել Թբիլիսիի և Վրաստանի բոլոր շրջանների դպրոցները։ Դպրոցներն ամբողջությամբ ապահովված են համապատասխան ռեսուրսներով՝ մինչև ուսումնական տարվա ավարտը՝ վիրուսը կանխելու համար», – հայտնում են կրթության նախարարությունից: