Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին մեկնարկեց Հովհաննես Ամիրբեկյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ փուլը, որտեղ առաջին և երկրորդ տեղերի համար պայքարեցին Սակրեբուլոյի և «TBC Bank»-ի թիմերը, իսկ Georgia բանկի և «CREDO» բանկի թիմերը՝ երրորդ հորիզոնականի համար:
Մրցաշարի հաղթող դարձավ Սակրեբուլոյի թիմը՝ 2:1 հաշվով, հաղթելով «TBC Bank»-ին։ Այսպիսով, տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին տեղ՝ Սակրեբուլոյի թիմը
2-րդ տեղ՝ «TBC Bank»-ի թիմը
3-րդ տեղ՝ Georgia բանկ
Հաղթողի համար նախատեսված գավաթը և մեդալներն ու դիպլոմները՝ նախատեսված մրցանակային տեղերի համար, հանձնեցին Հովհաննեսի դուստրերը՝ Նանե և Անի Ամիրբեկյանները։ Իր հերթին մրցաշարի կազմակերպիչների կողմից աղջիկներին փոխանցվեցին փոքրիկ նվերներ։
«Հովհաննես Ամիրբեկյանը, իհարկե, քաղաքում ճանաչված ու հարգված մարդ է, բայց մեզ համար նա մեր «Տբրն» է, մեր եղբայրը, սպորտի մեծ սիրահար: Նա ապրում էր սպորտով, հումորով: 2020-ը չարաբաստիկ տարի էր, այն շատ հրաշալի մարդկանց խլեց մեզանից, և մենք դեռ չենք կարող նրա անունը արտաբերել առանց սարսուռի, արցունքների: Ուստի, մենք՝ քաղաքապետարանն ու Սակրեբուլոն, ցանկացանք նրա պատվին մրցաշար անցկացնել, մենք ուզում էինք անցյալ տարի, բայց կորոնավիրուսի սահմանափակումները խանգարեցին»,- մեկնաբանեց մրցաշարի նախաձեռնողներից մեկը, Սակրեբուլոյի թիմի խաղացող Կարապետ Պալոյանը:
Հուշամրցաշարը մեկնարկել էր հոկտեմբերի 4-ին, որին մասնակցում էին Սակրեբուլոյի, քաղաքապետարանի, սպորտ դպրոցի, «SGJC» գազաբաշխիչ ընկերության, «TBC Bank»-ի, «Credo Bank»-ի և «Bank of Georgia»-ի աշխատակիցները։
Հիշեցնենք, որ Հովհաննես Ամիրբեկյանն աշխատում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունում։ Նա մահացել է 2020 թվականին, կորոնավարակի պատճառով։