Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքներ Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին։ Փաստաթղթերը հրապարակվել են այսօր` հոկտեմբերի 5-ին։

Պուտինը նաև ստորագրել է օրենքներ այս չորս մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագրերի վավերացման մասին:

Օրենքների համաձայն՝ նոր շրջանների բնակիչները Ռուսաստանի կազմում այդ տարածքների ընդգրկման օրից՝ սեպտեմբերի 30-ից, ճանաչվում են որպես Ռուսաստանի քաղաքացիներ։ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվել ցանկացողներին մեկ ամիս ժամանակ է տրվել դիմումներ ներկայացնելու համար։ Միաժամանակ նշվում է, որ քաղաքացիության ձեռք բերումը հնարավոր է դիմում ներկայացնելու և Ռուսաստանի Դաշնության քաղաքացու երդում տալու պայմանով։

Չորս շրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու օրվանից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կգործի անցումային շրջան։