Ռուսաստանի քաղաքացիները, որոնք թաքնվում են զորահավաքից, կարող են ապաստան հայցել ԱՄՆ-ում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«ԱՄՆ իշխանությունները ողջունում են բոլոր նրանց, ովքեր ապաստան են խնդրում: Մենք կարծում ենք, որ անկախ իրենց ազգությունից՝ նրանք կարող են ապաստան հայցել ԱՄՆ-ում, և յուրաքանչյուր դիմում կքննարկվի անհատական հիմունքներով»,- պարզաբանել է Ժան Պիերը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքից չէր բխում, որ զորահավաքից փախչող ռուսներին կտրվի ինչ-որ առաջնահերթ կարգ կամ ապաստան տրամադրելու հատուկ պայմաններ։
Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին, որ որոշակի հանգամանքներում պատրաստ են ապաստան տրամադրել այն ռուսներին, ովքեր փախչում են զորահավաքից և «պուտինյան ռեժիմի հակառակորդներին»։
ՌԴ իշխանությունները երկրում մոբիլիզացիա են հայտարարել սեպտեմբերի 21-ին, Մոսկվայի ծրագրերի համաձայն՝ 300 հազար մարդ կուղարկվի Ուկրաինա պատերազմելու։ Դրանից հետո տասնյակ հազարավոր մարդիկ լքում են երկիրը։ Միայն Ռուսաստանին հարակից Ղազախստանը, Վրաստանը, Մոնղոլիան և Ֆինլանդիան մեկ շաբաթում ընդունել են գրեթե 200 հազար ռուսաստանցու։
ԵՄ որոշ երկրներ, մասնավորապես՝ Լատվիան և Չեխիան, հայտարարել են, որ վիզա չեն տրամադրի ռուսաստանցիներին, ովքեր թաքնվում են մոբիլիզացիայից:
Իր հերթին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է երաշխավորի մոբիլիզացիայի համատեքստում ապաստան հայցող ռուսների մուտքի իրավունքը։