Կարծախի սահմանային անցակետ տանող ճանապարհին հազարավոր բեռնատարներ են կուտակվել, վարորդները օրերով անցկացնում են ճանապարհներին: Այսօր մեքենաների շարասյունը Ախալքալաք քաղաքից ձգվում է մինչև Կարծախի սահմանային անցակետ, ավելի քան 30 կմ: Ինչպես JNEWS-ին հայտնեցին Մաքսային վերահսկողության ծառայությունից՝ այսօր առավոտյան անցակետում էլեկտրականություն չկար: Սակայն ևս մեկ պատճառ է հանդիսանում այն, որ բոլոր տարանցիկ բեռնատարների վարորդներին ուղարկում են այս կողմ:
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին հերթին մեջ սպասող բելառուս վարորդը JNEWS-ին ասաց. – «Արդեն երկրորդ օրն է հերթերի մեջ եմ, սահմանին ասացի, որ ինձ հարմար է Սարփիի անցակետով հատել սահմանը, որովհետև 200 կիլոմետր ճանապարհ կշահեի, բայց ուշադրություն չդարձրեցին և ուղարկեցին «Կարծախի» անցակետ: Ստիպված եմ այստեղ եկել, չգիտեմ ինչն է պատճառը, բայց բոլորին ուղարկում են այս կողմ և օրերով հերթի մեջ պահում»:
Վարորդները տեղյակ չեն, թե ինչո՞ւ են Վրաստան մտնելուց իրենց հենց «Կարծախի» անցակետ ուղարկում երկրից դուրս գալու համար: Նրանք բողոքում են, որ սահմանին իրենց կարծիքը չեն հարցնում։
Սակայն Մաքսային վերահսկողության ծառայությունից JNEWS-ին հայտնեցին, որ Վրաստան մտնելուց միջազգային բեռնափոխադրում իրականացնող բեռնատարի վարորդն ինքն է որոշում, թե ո՞ր անցակետով պետք է դուրս գա, բայց քանի որ «Սարփի» անցակետում հերթերը շատ են, նրանք ստիպված բեռնատարները ուղարկում են «Կարծախի» անցակետ։
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կուտակված բեռնատարները հիմնականում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իրանի և այլ երկրների պետհամարանիշերով են:
Հերթում սպասող վարորդները դժգոհում են նաև՝ սննդի, ջրի և տարրական պայմանների բացակայությունից։
«Օրերով սպասում ենք մեր հերթին, այսպես ինչքան կարելի է: Այս ճանապարհին ոչ մի տեղ նույնիսկ նորմալ խանութ չկա, ոչ սննդի հարց կարող ես լուծել, ոչ բնական կարիքներդ հոգալ», – ասում է վարորդներից մեկը:
Բողոքում են ոչ միայն բեռնատարների վարորդները, այլև այս ճանապարհի երկյանքով ձգվող գյուղերի բնակիչները:
«Գյուղատնտեսական շրջան ենք, մենք ամեն օր դաշտ ենք գնում, հիմա արդեն աշուն է՝ բերքահավաք: Մեր դաշտ գնալ գալը խնդիր է դարձել, ամբողջ ճանապարհին բեռնատարներ են, խանգարում են մեզ», – JNEWS-ի հետ զրույցում ասաց Սուլդա գյուղի բանկիչը, ով ամեն անգամ սեփական հողամաս գնալու համար ստիպված է լինում նախկին 400 մետրի փոխարեն 2-3կմ ճանապարհ անցնել:
Այսօր կեսօրին բեռնատարների շարասյունը ձգվում էր Չամդուրա գյուղից մինչև Կարծախի սահմանային անցակետ, բայց արդեն երեկոյան բեռնատարների շարասյունը հասնում էր քաղաք Ախալքալաք: Պատկերացում կազմելու համար, թե ինչքան բեռնատար է կուտակված նշենք, որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհի երկարությունը 31 կմ-ից ավելի է:
Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքը ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։ 2019 թվականից ի վեր տարանցման ցուցանիշներն աճել են 80%-ով։
Վրաստանի բոլոր մաքսակետերը երթևեկության կտրուկ աճի պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Միաժամանակ բոլոր անցակետերում ավելացվել են մաքսային աշխատակիցների թիվը, որպեսզի կարողանան անխափան և շուրջօրյա իրականացնել մաքսային հսկողության ընթացակարգերը:
Վրաց-թուրքական սահմանի «Կարծախի» անցակետը բացվել է 2015 թվականին: Թուրքական կողմից գործում է «Աքթաշ-Չըլդըր» մաքսակետը: Թուրքիայի և Վրաստանի միջև ևս երկու սահմանային անցակետ կա՝ Սարփի անցակետը, որը Սև ծովի ափով կապում է Բաթումն ու Արդվինը, մյուսը՝ Վալեի անցակետը, որը կապում է Ախալցիխեն ու Արդահանը, Կարծախը երրորդ անցակետն է:
Այս թեմայով կարդացեք նաև՝
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին բեռնատարների մի քանի կիլոմետրանոց շարասյուն է
Մոտ 800 բեռնատար է կուտակվել Վաչիան-Կարծախ ճանապարհին (Video)
Վրաստանի սահմանային անցակետերն աշխատում են արտակարգ ռեժիմով