Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո, երբ շատ ընկերություններ չեն կարող իրականացնել բեռնափոխադրումներ այդ երկրի տարածքով, կտրուկ ավելացել է բեռնափոխադրումների ծավալը Վրաստանով: Վրաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է տվյալներ այդ թեմայի շուրջ:
Ըստ Նախարարության՝ 2022-ի առաջին 6 ամսում Վրաստանի տարածքով անցել է 209 հազար բեռնատար, ինչը 51 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եթե բաժանենք այդ տվյալն ըստ օրերի, ապա ստացվում է, որ օրական 1 150 բեռնատար անցնում է երկրի տարածքով:
Վրաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր բեռնատար մինչև 2022 թվականի հունիսի 20-ը վճարել է 200 լարի: Իսկ հունիսի 20-ից Վրաստանի տարանցիկ ճանապարհի վճարը դարձել է 350 լարի։
Ընդհանուր առմամբ հունվար-հունիս ամիսներին տարանցիկ բեռներից բյուջե է փոխանցվել 41,9 մլն լարի: 2021 թվականի ընթացքում Վրաստանի միջանցքով ընդհանուր առմամբ օգտվել է 332 հազար բեռնատար, որից բյուջե է փոխանցվել 66,4 միլիոն լարի։
Բայց Վրաստանը պատրաստ չէր բեռնատարների այդ հոսքին, ինչի պատճառով սահմանամերձ վայրերում հարյուրավոր բեռնատարների շարասյուն է հավաքվում: