Թբիլիսիում ավարտվեց Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։

Սա Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է:

Բանակցությունները տեղի են ունեցել Radisson Blu Iveria հյուրանոցում։

 Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին վստահություն է հայտնել, որ Վրաստանում բանակցությունները տարածաշրջանում կամրապնդեն խաղաղությունն ու կայունությունը:

 «Թբիլիսին միշտ եղել է այն վայրը, որտեղ շատ կարևոր որոշումներ են կայացվել»,- ասել է Դարչիաշվիլին։

 «Այսօր ես ոչինչ չեմ կարող ասել ձևաչափի շարունակության մասին, կարևորն այն է, որ այսօր մեզ հաջողվեց համատեղ երկխոսություն սկսել հարևան երկրների արտգործնախարարների և գործընկերների միջև, ինչպես և նախկինում, սա ևս անշուշտ կնպաստի այս գործընթացի շարունակությանը»,- նշել է Վրաստանի արտգործնախարարը։

 Դարչիաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեռ 2021 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր Հարավային Կովկասում խաղաղ հարևանության նախաձեռնության մասին  և առաջարկել եղբայրական պետություններին միջնորդական հարթակ ստեղծել Թբիլիսիում։

 Նախարարի խոսքով՝ այսօրվա օրն «այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է, երբ մեր հարեւանները ժամանել են Վրաստան և երկխոսություն սկսել այն կարևոր հարցերի շուրջ, որոնք ունեն երկկողմ հարաբերություններում»։

 «Ես շատ հպարտ եմ, որ Թբիլիսին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման վայրն է։  Վստահ եղեք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված մեր համատեղ ջանքերը արդյունք կտան»,- Twitter-ում գրել է Իլիա Դարչիաշվիլին։

 Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում հանդես է գալիս ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից հրաժարվելու և այդ հարցի շուրջ բանակցությունները Թբիլիսի տեղափոխելու նախաձեռնությամբ։

 Մեկ ամիս առաջ հունիսի 16-ին ելույթ ունենալով Բաքվի միջազգային համաժողովում Իլհամ Ալիևն ասել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ոչ մի արդյունք չի տվել, այս կառույցը անգործունակ է, և այն վերակենդանացնելու փորձերը հակաարդյունավետ են»։

 Ալիևը նշել է, որ Բաքվին անհրաժեշտ է եռակողմ երկխոսություն սկսել Երևանի և Թբիլիսիի հետ՝ տարածաշրջանում խաղաղ համակեցություն հաստատելու համար՝ հաշվի առնելով անդրսահմանային գետերի և տրանսպորտային հանգույցների հարցը։

 Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքուն ձգտում է խաղաղության պայմանագիր ստորագրել և Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացման խաղաղ փուլ սկսել։

Միևնույն ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Թբիլիսին աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման եռակողմ բանակցություններին՝ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ձևաչափով։