Սուլդա գյուղում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 7-ամյա աղջկա առողջական վիճակը նորմալ է, նա արդեն տանն է։

Հունիսի 11-ին, երեխան վրաերթի էր ենթարկվել իրանական պետհամարանիշերով բեռնատարի կողմից: Նրան նախ տեղափոխել էին Ախալքալաքի հիվանդանոց, այնուհետև Թբիլիսիի New Hospital կլինիկա, որտեղ նա բուժման կուրս է անցել:

7-ամյա երեխան գնացել էր պարի դասի, որն անցկացվում է գյուղի կենտրոնում գտնվող ակումբի շենքում։ Շենքից դուրս գալուց բեռնատարը հարվածել էր նրան։

Դեպքից հետո Սուլդայի բնակիչները փակել էին ճանապարհը և պահանջում էին ինքնակառավարման մարմիններից արհեստական անհարթություններ տեղադրել, որ գյուղով անցնող բեռնատարները ստիպված լինեն դանդաղ վարել:

Դեպքից 3 օր անց Սուլդայում տեղադրվեցին թվով 7 արհեստական անհարթություններ, ճանապարհի այն հատվածներում, որտեղ մատնանշել էին բնակիչները։ Գյուղացիները ցանկացել էին, որ արագությունը սահմանափակող արգելապատնեշները լինեն ասֆալտից, ոչ թե կաուչուկից, քանի որ դրանք, ըստ գյուղացիների՝ ավելի ամուր և երկարաժամկետ են։

Այս թեմայով կարդացեք նաև՝
Սուլդայում բեռնատարը վրաերթի է ենթարկել երեխայի

Սուլդայի ճանապարհին արագությունը սահմանափակող 7 արգելապատնեշ է տեղադրվել