Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչն այսօր Վիեննայում պայմանավորվել են «հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար եւ որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»:
Այդ մասին ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Պայմանավորվել են նաեւ հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը եւ որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների», – ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Դեռ ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը խոսել էր հայ-թուրքական սահմանի բացման մասին:
Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը արդեն չորրորդ անգամ են հանդիպում: Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն էր, որը դադարեցվել էր 2019-ի վերջին: